«Տաքուկ Ամանոր» Նախաձեռնություն

1611749_785673566926_877095594_o2013թվականի դեկտեմբեր ամսին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը (ՀՀԲԿ) մեկնարկեց «Տաքուկ Ամանոր» նախաձեռնությունը՝ ուղղված տոնական օրերին ընդառաջ Սիրիացիներին առաջին անհրաժեշտ աջակցություն և դրամական օգնություն տրամադրելուն: Անցյալ մի քանի շաբաթների ընթացքում ՀՀԲԿ-ի ներկայացուցիչներն այցելեցին Արարատ մարզի Դարբնիկ գյուղի, Նոր-Նորք վարչական շրջանի 2-րդ և 5-րդ Մասիվներում գտնվող երեք հանրակացարաններ՝ այնտեղ բնակվող սիրիացի ընտանիքներին վերոհիշյալ օգնության փաթեթները բաժանելու:

1579836_785673457146_1700031196_nՀՀԲԿ-ի կամավորները նախ իրականացրին կարիքների գնահատում և իրավիճակի վերլուծություն՝ ուսումնասիրելով բնակավայրերի շրջակայքը, տնային պայմանները և համապարփակ հարցազրույց անցկացնելով կացարաններում բնակվող սիրիացի ընտանիքների հետ:

«2-րդ Մասիվի հանրակացարանում սիրիացիները բնակվում են զարհուրելի պայմաններում», – ասաց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության Երիտասարդական հանձնաժողովի անդամ բժիշկ Մհեր Քեշիշյանը՝ շարունակելով. «Դեպի մուտք տանող աստիճանահարթակը պատված էր սառույցով, շենքի պատուհանները կոտրված էին, սենյակներում անտանելի ցուրտ էր: Այնտեղ բնակվող սիրիացիները շտապ սննդի, հագուստի և գումարի կարիք ունեն»:

Վերլուծությունն ու ընտանիքների գրանցումն ավարտելուց հետո՝ ՀՀԲԿ-ի ներկայացուցիչները Հայաստանի տարբեր հանրակացարաններում բնակվող ընդհանուր թվով 29 սիրիացի ընտանիքների բաժանեցին փաթեթներ՝ կազմված դրամական օգնությունից, «ԱՐ Դելիկատես» ՍՊԸ-ի կողմից տրամադրված մսամթերքի տեսականուց և ՀՀԲԿ-ի Ամանորյա շնորհավորական բացիկներից:

1558886_785673606846_1483729333_n«Հանրակացարաններում բնակվող սիրիացի ընտանիքները բնակարանի վարձ չեն վճարում, բայց կատարում են գազի, էլեկտրականության, ջրի համար սահմանված կոմունալ վճարներ, մոտավորապես՝ ամսական 75-100 ԱՄՆ դոլար, – ասաց Երիտասարդական հանձնաժողովի քարտուղարի օգնական Բերնա Կարագյուլյանը,- այս պատճառով է, որ հարցվածների մեծամասնությունը նախընտրում էր դրամական օգնություն ստանալ»:

«Տաքուկ Ամանոր» նախաձեռնության շրջանակներում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը միջոցներ է հատկացրել Հալէպահայության շտապօգնության գործադիր մարմնին, որն էլ իր հերթին սննդի փաթեթներ է հատկացրել Հալեպում բնակվող 240 սիրիացի ընտանիքների:

«Մեր կամավորների անմնացորդ նվիրվածության և անհատ նվիրատուների ներդրումների շնորհիվ՝ մեզ հաջողվեց նախատոնական օրերին ժամանակավոր ժպիտ առաջացնել 270 սիրիացի ընտանիքների դեմքերին, – ասաց «ՀԱԼԷՊ» Հայրենակցական բարեսիրական կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Անի Բալխյանը,- ՀՀԲԿ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի և Սիրիայի սիրիացիներին՝ միաժամանակ ճանապարհ հարթելով Հայաստանում բնակվող սիրիացիների համար հարատև լուծումներ գտնելու համար»:

«Տաքուկ Ամանոր» նախաձեռնության ավարտին համընդգրկուն զեկույց կներկայացվի: