Տեղի ունեցավ «Հայաստան, Արցախ, Հայոց ցեղասպանության ճանաչում և անդին» խորագրով հանդիպումը Հարութ Սասունյանի հետ

Հունիսի 12-ին տեղի ունեցավ Հարութ Սասունյանի հանդիումը սիրիահայ և տեղացի երիտասարդների և Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրներով հետաքրքրվող այլ անձանց հետ:  «Հայաստան, Արցախ, Հայոց ցեղասպանության ճանաչում և անդին. hետագա քայլեր» վերտառությամբ հանդիպում-քննարկման օրակարգում էին Հայոց ցեղասպանության արդար դատի ճանապարհին նախատեսվող հաջորդ քայլերը, իրավիճակը Հայաստանում և Արցախում, «Հայաստան-Արցախ» հիմնադրամի գործունեությունը և Սփյուռքի հայկական խորհրդարանի ձևավորումը համաժողովրդական ընտրությունների միջոցով: Այս թեմաներին անդրառանալուց հետո սկսվեց հարցուպատասխանի փուլը, որի ընթացքում հանդիպման մասնակիցները հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղելու բանախոսին:

Մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինչպես սկսվեց նրա համագործակցությունը պարոն Քըրքորյանի հետ և ինչ արդյունք ունեցավ, ինչու էին ժամանակին Հայաստանն ու Արցախը այդքան կարևոր նրա և պարոն Քըրքորյանի համար, 44-օրյա Արցախյան պատերազմի վերաբերյալ նրա տեսակետներն ու գնահատականները և նրա տեսլականը Սփյուռքի և Հայաստանի կապերի ամրապնդման ու պետական կառավարման համակարգում Սփյուռքի որակյալ մասնագետների ներգրավման վերաբերյալ:

Հարութ Սասունյանը թերթի հրատարակիչ և ասոցացված սյունակագիր, հեռուստամեկնաբան, հեղինակ, կինոռեժիսոր և իրավապաշտպան է: Նա Գլենդելում լույս տեսնող «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչն է: Նրա շաբաթական մեկնաբանությունները թարգմանվում են ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն ու հայերեն լեզուներով և վերատպվում աշխարհահռչակ հրատարակություններում ու բազմաթիվ կայքերում: Սասունյանը «Հայաստան Արցախ» հիմնադրամի հիմնադիր նախագահն է, որը վերջին 23 տարիների ընթացքում Հայաստանին 925 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել: Որպես Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի ավագ փոխնախագահ՝ նա վերահսկել է 242 միլիոն ԱՄՆ դոլարի ենթակառուցվածքային նախագծերի բարեհաջող իրականացումը Հայաստանում: 1978-1988 թվականներին Սասունյանը Մարդու իրավունքների պատվիրակ է եղել ՄԱԿ-ում (Ժնև, Շվեյցարիա) և առանցքային դեր է խաղացել 1985 թ-ին ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Հանդիպումը կազմակերպվել էր ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի «Կարողությունների զարգացման» բաղադրիչի շրջանակներում;