Տեր և տիկին Էդուարդ և Քարմեն Գյուլբենկյաններն աջակցեցին 7 սիրիահայ ընտանիքի

Տեր և տիկին Էդուարդ և Քարմեն Գյուլբենկյանները դարձել են սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված սիրիահայերի մեծագույն աջակիցները` բազմիցս օգնության ձեռք մեկնելով Հայաստանում գտնվող սիրիահայ համայնքին: Նրանց ամենանշանակալի ներդրումը Սիրիայից տեղահանված յոթ ընտանիքին հատկացվող շարունակական օգնությունն է Հայաստանում:

2016թ. հոկտեմբերին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կայացավ մի դրամահավաք՝ ուղղված Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի առօրյա խնդիրների հաղթահարմանը: Դրամահավաքի ընթացքում Գյուլբենկյան ընտանիքը հայտարարեց, որ կրկնապատկելու է «Որդեգրիր մի ընտանիք» ծրագրի համար հանգանակված ողջ նվիրատվությունը:

Գյուլբենկյանների նվիրատվությունը ուղղվեց ծրագրի շրջանակում յոթ սիրիահայ ընտանիք «որդեգրելուն»: Վերջինս նշանակում է, որ յուրաքանչյուր ամիս այս զույգն օգնում է Հայաստանում ամենախոցելի սիրիահայ ընտանիքներից յոթին վճարել կենցաղային ծախսերը, ինչպիսիք են բնակվարձի, սննդի և կոմունալ ծառայությունների վճարները:

«Որդեգրիր մի ընտանիք» ծրագրի շահառուները սիրիական հակամարտությունից զգալիորեն տուժած ընտանիքներն են: Նրանցից մի քանիսը գերի են ընկել ու խոշտանգումների ենթարկվել «Իսլամական Պետություն» խմբավորման և այլ ահաբեկչական խմբերի կողմից, մյուսները՝ վիրավորվել կռվի ընթացքում, ոմանք էլ ականատես են դարձել իրենց հարազատների մահվանը: Նրանք կորցրել են իրենց տունը, համայնքն ու ապրուստը:

Հայաստան ժամանելուց հետո այս ընտանիքները ջանք են գործադրել իրենց կյանքը վերսկսելու համար, սակայն ավելի մեծ խոչընդոտների են հանդիպել, քան մյուս փախստականները: Հիվանդության և վնասվածքների պատճառով դառնալով անաշխատունակ՝ անկարող են եղել ապահովել ընտանիքի ապրուստի, բնակվարձի և այլ կենցաղային ծախսերը:

Էդուարդ և Քարմեն Գյուլբենկյանների շնորհիվ ընտանիքների բեռը թեթևացել է, և կարծես՝ ապագան ավելի ապահով է դարձել: Ընտանիքներն այժմ արմատավորվելով Հայաստանում՝ հույսով լեցուն պահպանում են իրենց լեզուն, մշակույթը և ինքնությունը հետագա սերունդների համար:

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն անչափ երախտապարտ է Տեր և Տիկին Գյուլբենկյաններին սիրիահայ ընտանիքներին կենսական աջակցություն ցուցաբերելու համար: Գյուլբենկյանների ընտանիքի նվիրվածությունը, ազգաշեն ծառայությունն ու առատաձեռնությունն այն օրինակն է, որով քաջալերվելու ենք նոր տարում նոր ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնելիս: