Տեր և Տիկին Չալյանները Հայաստանում գտնվող սիրիահայ ընտանիքների կողքին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գործունեությունում իր ուրույն տեղն ունի «Որդեգրէ ընտանիք մը» ծրագիրը, որի շնորհիվ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայ ընտանիքներին ամեն ամիս ցուցաբերվում է դրամական օժանդակություն: Վերջինս թույլ է տալիս դժվարին դրությունում հայտնված ընտանիքներին դիմագրավել իրենց առջև ծառացած խնդիրներին, մասնավորապես կարողանալ հոգալ պարենի ու կոմունալ ծախսերը, ինչպես նաև հավաքագրել բավարար գումար ամսական բնակավարձը վճարելու համար:

«Որդեգրէ ընտանիք մը» ծրագիրն իրականացվում է անհատ բարերարների նվիրատվությունների շնորհիվ, ովքեր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի միջոցով ծանոթանալով ծրագրում ընդգրկված սիրիահայ ընտանիքների դրությանը՝ շուրջ մեկ տարի որդեգրում են ընտանիքին ու աջակցում ընտանիքի ոտքի կանգնելուն հայրենիքում:

Բարեսիրտ ու մարդասեր այս անհատ բարերարների շարքում վաղուց իրենց կարևոր տեղն ու դերն ունեն տեր և տիկին Արա և Թալար Չալյանները, ովքեր առանց երկմտելու կենսական օգնություն են ցուցաբերում Հայաստանում գտնվող կարիքավոր սիրիահայերին:

Տեր և Տիկին Չալյանների բարի կամքի դրսևորման շնորհիվ «Որդեգրէ ընտանիք մը» ծրագրի շրջանակում «որդեգրվել» են երեք սիրիահայ ընտանիքներ, ովքեր ամեն ամիս ստանում են դրամային օգնություն և կարողանում են թոթափել խնդիրները:

Չալյան ընտանիքի կողմից օգնություն ստացող ընտանիքների անդամները ներառում են մանկահասակ երեխաների, տարեցների, անաշխատունակ, անկողնային և առողջական այլ խնդիրներ ունեցող անձանց:

Չալյան ընտանիքի նվիրումն հայ ժողովրդին, անձնուրաց օգնելու պատրաստակամությունը ու կուռ վստահությունը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի բարեգործական աշխատանքներին գալիս է ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ միայն հավաքական աշխատանքի շնորհիվ է հնարավոր փոխել կյանքեր, դյուրացնել ու փորձել ապահովել արժանապատիվ կյանք հակամարտության հետևանքով դժվարին դրությունում գտնվող անձանց համար: