Տեր և Տիկին Սիմոն և Եղսաբեթ Դեդեյանների շնորհիվ սիրիահայ ընտանիքն ապահովվեց բնակարանով

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) մշակելով և իրականացնելով «Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագիրը՝ յուրովի է աջակցում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի առջև ծառացած բնակարանային խնդրի լուծմանը։

«Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագիրը կյանքի է կոչվում բարերարների աջակցությամբ, ովքեր գնելով բնակարաններ՝ անհատույց ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրում են առավել խոցելի դրությունում հայտնված սիրիահայ ընտանիքներին։

Հակամարտության միջով անցած և նոր երկիր հասած տեղահանված անձին տանիք տրամադրելը ոչ միայն ապահովում է նրա կենսական կարիքներն արժանապատիվ կյանքով ապրելու համար, այլև տալիս է ուժ՝ ստեղծելու բարեկեցիկ ապագա նոր երկրում։

Բարերարներ Տեր և Տիկին Սիմոն և Եղսաբեթ Դեդեյաններն այս ամենը նկատի ունենալով և ուշադրության արժանացնելով Հայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրներին՝ միացան «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագրին և ժամանակավոր անհատույց օգտագործման իրավունքով բնակարան տրամադրեցին մեկ սիրիահայ ընտանիքի։

Տեր և Տիկին Դեդեյանների շնորհիվ, թերևս ժամանակավոր, թոթափվել է սիրիահայ ընտանիքի բնակարանային խնդիրը։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բարերար Տեր և Տիկին Սիմոն և Եղսաբեթ Դեդեյաններին՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեությանը հավատ ընծայելու և «Հիւրընկալէ ընտանիք մը» մարդասիրական բնակարանային ծրագրի կյանքի կոչման գործում մեծ ավանդ ունենալու համար։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿի «Հիւրընկալէ ընտանիք մը» ծրագրի նպատակն է Սիրիայի հակամարտությունից տուժած և տեղահանված ընտանիքներին ապահովել առաջնային կենսական ռեսուրսներով՝ տրամադրելով  ապաստան և բարենպաստ պայմաններ:

Ծրագրի շրջանակում բնակարանները ձեռք են բերվում բարերարների միջոցներով և պայմանագրային հիմունքներով ժամանակավոր անհատույց օգտագործման նպատակով տրամադրվում են Հայաստանում ապաստանած սիրիահայ առավել խոցելի ընտանիքներին։ Բնակարանները պատկանում են բարերարներին, իսկ կարիքավոր ընտանիքները կարողանում են առանց վարձավճարի ժամանակավոր բնակվել տրամադրված բնակարաններում։

«Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագրի շրջանակում ՄԱԿ Փախստականների Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ բնակարանները կահավորվում են անհրաժեշտ կենցաղային գույքով՝ ապահովելով նպաստավոր պայմաններ բնակվելու համար։

Բնակարանային այս ծրագրի շրջանակում «ՀԱԼԵՊ» ՀԿը համագործակցում է նաև Global Hope Network International-ի հետ՝ սիրիահայ ընտանիքների բնակարան առաջարկելով նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: