ՏՏ նախագծերի կառավարման դասընթաց՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում

Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն օրեցօր զարգացողներից է ամբողջ աշխարհում, ուստի մրցունակ լինելու համար մեր երիտասարդներն անընդհատ պետք է զինվեն նոր գիտելիքներով: Հետևելով ՏՏ նախագծերի կառավարիչների անհրաժեշտության լայն պահանջարկին, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում երկու ամիս  է, ինչ կազմակերպվում է ՏՏ նախագծերի կառավարման դասընթաց՝ երիտասարդների համար:

Սիրիահայ և տեղացի 15 երիտասարդներ մասնակցում են ՏՏ նախագծերի կառավարման դասընթացին, որը մեկնարկել է ս.թ. հոկտեմբերի 21-ին: Դասընթացներն անցկացվում են ոլորտի լավագույն կենտրոններից մեկի՝Quick Start –ի կողմից:

Երիտասարդները հանդիսանում են ՏՏ նախագծերի կառավարման ոլորտի աշխատողներ, ովքեր ցանկանում են բարելավել տեսական գիտելիքները, և սկսնակներ, ովքեր նոր են մուտք գործում այս ոլորտ:

Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորում են նախագծերի կառավարման շրջանակի տարբեր բաղադրիչներ և Agile մեթոդներ, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում. պարապմունքներն ուղեկցվում են գործնական վարժություններով:

Հիշեցնենք՝

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին և իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է բարելավել սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղաբնակ երիտասարդների կարողությունները, փոխանցել նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև հնարավորություն տալ ձեռք բերելու աշխատանքային փորձ՝ մասնագիտական վճարովի պրակտիկայի կազմակերպման միջոցով: Ծրագրի շրջանակներում տրամադրվում են նաև կրթաթոշակներ վճարովի համակարգում սովորող այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն և գտնվում են սոցիալապես անապահով վիճակում:

Հաշվի առնելով COVID-19-ի համավարակով պայմանավորված դրությունը՝ դասընթացներն անցկացվում են առցանց տարբերակով: