Տրվեց մասնագիտական դասընթացների մեկնարկը սիրիահայերի համար

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի ու «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնի աջակցությամբ տրվեց մի ծրագրի մեկնարկ, որի շրջանակում կազմակերպվելու են վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, սեղանի ձևավորման, ինչպես նաև կար ու ձևի մասնագիտական որակավորման անվճար դասընթացներ Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար:

2017 թվականի դեկտեմբերի 27-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակում ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչ Ալլա Սարկիսովան, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Ծովիկ Պայթարյանը և «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը ծրագրին դիմած սիրիահայերին համապարփակ տեղեկատվություն տրամադրեցին ծրագրի մասին։

Ծրագրի ավարտին դասընթացներին մասնակից 35 սիրիահայեր ձեռք են բերելու գիտելիքներ և մասնագիտական հմտություններ վերոհիշյալ ոլորտներում, ինչպես նաև ծանոթանալու են հիգիենայի և անվտանգության կանոններին, աշխատանքային գործիքների և նյութերի ճիշտ օգտագործմանը, որոնք օժանդակելու են նշված ոլորտներում աշխատանք գտնելուն:

Ծրագրի շրջանակում տրամադրվելու է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիական հակամարտության հետևանքով ծանր հոգեբանական դրությունում գտնվող սիրիահայերին: Վերոհիշյալ հանդիպումներն անց է կացնելու Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը Երևանում գտնվող Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում։