Ցուցահանդես-վաճառքում ներկայացվեց «Ալեպպո Քուիզին» կենտրոնի արտադրանքը

2019 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին նորաբաց «Ալեպպո Քուիզին» կենտրոնը մասնակցեց կանանց ձեռներեցության ցուցահանդես-վաճառքին՝ ներկայացնելով Արևելյան խոհանոցի ուտեստները լայն հանրությանը:

Ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Սիրիահայերի միության տիկնանց հանձնախմբի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Կանանց Ձեռներցության Խթանման և Զարգացման Կենտրոնի կողմից, տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

«Ալեպպո Քուիզին» կենտրոնը հիմնադրվել է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի կողմից:

Նկատի ունենալով սիրիահայերի, մասնավորապես սիրիահայ կանանց շրջանում առկա գործազրկության բարձր մակարդակը և հաշվի առնելով նրանց հիմնական կարողություններից խոհարարական հմտությունների տիրապետումը՝ «Ալեպպո Քուիզին» կենտրոնն աշխատատեղեր է ստեղծում սիրիահայ կանանց համար և նպաստում Հայաստանում նրանց տնտեսական ու սոցիալական զարգացմանը:

Կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայում է ոչ միայն կենտրոնում աշխատող սիրիահայ կանանց կայուն եկամուտ ապահովելուն, այլև՝ խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

«Ալեպպո Քուիզին» կենտրոնը հիմնադրվել է Տեխասի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի, Ճապոնիայի կառավարության՝ հանձին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, Գերմանիայի կառավարության՝ հանձին Գերմանիայի Միջազգային համագործակցություն ընկերության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև ԵՄ համաֆինանսավորմամբ «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:

Կենտրոնը, որը բացվել է ընդամենը երեք ամիս առաջ, գործում է որպես արտադրամաս և սննդի կետ ու մատուցում ծառայություններ սննդի արտագնա սպասարկման ոլորտում: