«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Փախստականների համաշխարհային օրվան ընդառաջ

Հունիսի 20-ը  հիշատակվում է որպես Փախստականների համաշխարհային օր։

Սիրիական հակամարտության հետևանքով փախստական դարձան հազարավոր սիրիահայ ընտանիքներ։ Քույր և եղբայրներ, ովքեր  Սիրիայում թողելով իրենց տունն ու աշխատանքը, հարազատներին, թողնելով իրենց կյանքը, սփռվեցին աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում և Հայաստանում։

2013թ-ից ի վեր «ՀԱԼԷՊ» հայրենակցական   բարեսիրական   հասարակական կազմակերպությունում պաշտոնապես գրանցված է մոտ 1800 ընտանիք, որոնք  կարիքի մեջ են և ապավինում են նյութական ու բարոյական աջակցության։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն հանդիսանալով  Հայաստանում գործող առաջնային օղակներից մեկը հայրենիքում ապաստան գտած կարիքավոր սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված տևական ծրագրերի իրականացման գործում, իր գործունեության առանցքում պահելով սիրիահայերի առջև ծառացած այնպիսի հրատապ խնդիրներ, ինչպիսին են բնակարանային խնդիրը և զբաղվածության հարցը, իր ողջ ներուժը շարունակաբար ուղղում է այդ մասնավոր խնդիրների լուծմանը և լուծման գործում անմիջական մասնակցության ցուցաբերմանը։

Սիրիահային կարեկից լինելու ու ապաստանելու ճանապարհին շատերը համախմբվեցին՝ պետական կառույցներ, հասարակական-միջազգային կազմակերպություններ ու հիմնադրամներ և անհատ բարերարներ։ Նախաձեռնվեցին ու կյանքի կոչվեցին բազմաթիվ մարդասիրական արշավներ։

Բոլորը համախմբվեցին և համախմբված են ցայսօր, և այդ  միասնության մեջ է այն ուժը, որն առանց կասկածի նշույլի, օգնելու է մեր բնավեր հայրենակիցներին հաղթահարել իրենց բաժին հասած վիշտն ու ցավը և անսպառ եռանդով ու հավատով կառուցել նոր, ավելի ամուր, ավելի շեն տուն ու կյանք հայրենիքում։

Սիրելի սիրիահայեր, «ՀԱԼԷՊ» ընտանիքը եղել է ձեր կողքին, կա ու լինելու է այնքան, որքան դեռևս հայրենիքում ապաստանած մեկ սիրիահայ կունենա  նրա աջակցության կարիքը։

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է: