Փոլ և Ռաքել Նադջարյանները՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին հավատ ընծայած բարերարները

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի աշխատանքների շարունակական գործունեությանը յուրատիպ ուժ ու կորով են տալիս այն անհատները, ովքեր հավատ են ընծայում կազմակերպության գործունեությանը, իրենց վստահությամբ քաջալերում են նորանոր ձեռնարկների իրականացմանը ու կենսական նպաստ ունենում կազմակերպության շահառուների կարիքների դիմագրավմանը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեության շարունակական ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ամերիկաբնակ Նադջարյան ընտանիքը, որի անդամներն առանց երկմտանքի, ուրույն պատրաստակամությամբ իրենց անձնվեր աջակցությունն են ցուցաբերում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին:

Տեր և Տիկին Փոլ ու Ռաքել Նադջարյանների շնորհիվ կազմակերպության «Փրկիր մի կյանք» ծրագրի շրջանակում սիրիահայ ընտանիքներ են ազատվել են սիրիական հակամարտության ճիրաններից ու տեղափոխվել Հայաստան, որտեղ այսօր կառուցում են իրենց կյանքը:

Նադջարյան ընտանիքի շնորհիվ շուրջ երկու տարի անընդմեջ սիրիահայ Չեպելյան ընտանիքը «Որդեգրէ ընտանիք մը» ծրագրի շրջանակում կարողանում է հոգալ կենսական կարիքներն ու դիմագրավել ընտանիքի անդամի առողջական խնդիրներին:

Անչափ գնահատելի ու աննկարագրելի է Տեր և Տիկին Նադջարյանների հայրենասիրությունը, ովքեր նույնիսկ իրենց ամենածանր պահին ուժ գտան մտածելու այլոց մասին:

Նադջարյան ընտանիքը, որն ունեցավ մարդկային կորուստ 2017 թվականին, խնդրել էր հարազատներին ու ընկերներին ընտանիքի մեծ հոր՝ Արթուր Նադջարյանի հուղարկավորության ծաղիկների փոխարեն նվիրատվություն կատարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին:

Անթիվ ու անհամար են Նադջարյան ընտանիքի բարի կամքի դրսևորումներն ի նպաստ Հայաստանում գտնվող սիրիահայ ընտանիքների արժանապատիվ կյանքի ապահովման:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում տեր և տիկին Փոլ ու Ռաքել Նադջարյաններին կազմակերպությանը շարունակաբար նեցուկ կանգնելու ու սիրիահայ ընտանիքներին կենսական աջակցություն ցուցաբերելու համար