«Փրկէ կեանք մը». Հալեպից Հայաստան տեղափոխվեցին ևս հինգ հոգի

 «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով սույն թվականի նոյեմբերի 18-ին Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Մուշոյան ընտանիքի երեք անդամները, Պերճ Մարտիրոսը և Հարութ Այվազյանը: Վերջիններիս տեղափոխումը Հալեպից Հայաստան հնարավոր դարձավ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ :

Ժամանած անձանց Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի, IDeA հիմնադրամի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչները։

2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից մշակված և իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը աջակցում է Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։

Հիշեցնենք, որ 2016թ-ի հոկտեմբերի 15-ին Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին: IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում  է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց:

15086396_996367803843309_78287362_n-1 15139666_996221433857946_1412940543_n