Քննարկում Հայաստանում սիրիահայ համայնքի առանցքային խնդիրների շուրջ

2019թ․ հոկտեմբերի 16-ին «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («Հալեպ» ՀԿ) տեղի ունեցավ հանդիպում Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի հետ՝ «Հալեպ» ՀԿ հիմնադիր նախագահ Անի Բալխյանի, հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանի և գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում Ռուզաննա Զաքարյանը և Նուարդ Վարդանյանը ծանոթացան «Հալեպ» ՀԿ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև ցանկություն հայտնեցին մոտիկից ծանոթանալու Հայաստանում սիրիահայ համայնքի խնդիրներին և մարտահրավերներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ սիրիահայերի սոցիալական, բնակապահովման, առողջապահական խնդիրները, ինչպես նաև հայաստանյան հասարակությանը կրթական և մշակութային ինտեգրման առանձնահատկությունները։

Քննարկված խնդիրների շարքում առանձնակի ուշադրություն հատկացվեց ամենաառանցքային՝ բնակարանային խնդրին և վերջինիս լուծման հնարավոր տարբերակներին։

Անդրադարձ կատարվեց նաև Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող վերջին զարգացումներին և այդ տարածքներում ապրող սիրիահայ համայնքի դրությանը:

Հանդիպման ավարտին Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը խոստացավ ներկայացնել վերհանված խնդիրները ավագանու առաջիկա նիստերի ընթացքում և հետամուտ լինել բարձրաձայնված խնդիրների լուծմանն ու,  առհասարակ, համապատասխան ոլորտներում բարեփոխումների կատարմանը։