Քննարկվեց արյան բարձր ճնշումը և դրա կարգավորումը տան պայմաններում

2018 թվականի հոկտեմբերի 5-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի   շրջանակում կազմակերպվող հանդիպմանը հյուրընկալել էր մանկաբույժ Մադլեն Շամլեանին: Վերջինս սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված հալեպահայ բժիշկներից է, ով ավարտել է Հալեպի բժշկական համալսարանը` ստանալով մանկաբույժի որակավորում և, հետագայում,  աշխատել է նաև որպես դասախոս: Նա ունեցել է անձնական կլինիկան Հալեպում և հեղինակել է «Ակնե» և «Երկաթի պակասը երեխաների մոտ» թեզերը:

Բժիշկ Շամլեանը, ով ներկայումս աշխատում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում որպես մանկաբույժ, հանդիպմանը ներկայացրեց արյան ճնշման պատճառները: Խոսեց սթրեսի և սխալ սննդակարգերի վնասակարության մասին, և ներկաներին տրամադրեց խորհրդատվություն ճնշման դեպքում  ձեռնարկվող միջոցների մասին:

Ներկաները նաև հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու բժիշկ Շամլեանին:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։
Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 16։00-ին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։
Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։