14 երկրից ժամանած երիտասարդները ծանոթացան «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը

Ս/թ․ հոկտեմբերի 18-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) հյուրընկալվել էին «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Intercultural Education and Youth Work for More Inclusive Europe» ուսուցողական կրթական այցի մասնակիցները։

Ավելի քան 36 երիտասարդներ Հայաստանից, Լիտվիայից, Բելառուսից, Չեխիայից, Էստոնիայից, Մակեդոնիայից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Մոլդովայից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Շվեդիայից մասնակցում են ուսուցողական այցին, որի նպատակն է  ուսումնասիրել Հայաստանում փախստականների խնդիրներին առնչվող կազմակերպությունների գործունեությունը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում ուսուցողական այցի մասնակիցներին դիմավորեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի ղեկավար Կարեն Բալխյանը։ Վերջինս ծրագրի մասնակիցներին տրամադրեց համապարփակ տեղեկատվություն կազմակերպության գործունեության մասին և պատասխանեց երիտասարդական ծրագրի մասնակիցներին հուզող հարցերին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը լինելով սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերին աջակցություն տրամադրող առաջնային կառույցներից՝ իր գործունեության շրջանակում խրախուսում է երիտասարդական ծրագրերի իրականացում, որոնք միտված են երիտասարդ սերնդին զինելու համապատասխան գիտելիքներով և կարողություններով՝ ի նպաստ դիմագրավելու աշխարհում առկա փախստականների ճգնաժամին։