Նոյեմբերի 28-ին տրվեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի արաբերեն ակումբի մեկնարկը
2014թ-ին նոյեմբերի 28-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Արաբերեն ակումբ»-ի առաջին դասընթացը: Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռելու անվճար հիմունքներով ձեռք բերել արաբերեն լեզվի գիտելիքներ:
Ակումբի բացման առթիվ հանդես եկավ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ` Արթուր Իսրայելյանը, ով 2007թ-ին իր ասպիրանտական թեզը պաշտպանել է Դամասկոսի համալսարանում և վերադառնալով Հայաստան` 2010 թվականին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում հիմնադրել և մինչև 2014 թվականի հունվար ամիսը ղեկավարել է Արևելյան լեզուների ամբիոնը: Ա. Իսրայելյանն իր ողջույնի և քաջալերանքի խոսքն ուղղեց դասընթացին մասնակցող թվով 15 երիտասարդներին և ակումբին նվիրեց իր հեղինակած <<Դիվանագիտական և քաղաքական տերմինների հայերեն-արաբերեն բառարանը>>:
Հիշեցնենք, որ Արաբերեն ակումբի դասընթացները անց են կացվելու ամեն ուրբաթ, ժամը` 19:30-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակում (հասցե՝ Հյուսիսային 11, մուտքը Աբովյան փողոցի կողմից): Դասընթացը բաց է բոլորի համար, ովքեր որոշակի չափով տիրապետում են արաբերեն լեզվին: