Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

2015թ-ի ապրիլի 15-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության, «Diaspo’arts»-ի և «Սիրիական համայնքը Երևանում» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Ես քո հիշողությունն եմ» և Սիրիայում տիրող պատերազմական վիճակից առաջ և հետո Սիրիայի պատմական վայրերի մասին պատմող «Սիրիայի հուշարձանների գանձերը. Մարդկության ժառանգություն» ցուցահանդեսների բացման արարողությունը:

Ցուցահանդեսը կամրջելով 1915 թվականի և Հալեպ քաղաքի ներկա պատերազմական վիճակի պատճառով կրկին գաղթի ճանապարհը բռնած հայորդինների կյանքը` ներկայացնում էր նաև սիրիացի ժողովրդին պատուհասած աղետը:

Ցուցահանդեսին մասնակցում էին աշխարհասփյուռ հայ համայնքների տաղանդաշատ զավակներն իրենց արվեստի գործերով: Նրանք սերված լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքներից` իրենց տաղանդն օգտագործում են տարածելու և բարձրաձայնելու տարագիր դարձած հայ ժողովրդի պատմությունը: Իսկ սիրիական պատերազմի պատճառով ավերված Սիրիայի պատմական վայրերի լուսանկարները խոսուն վկաներն էին այն օրհասական դրության, որի միջով անցնում է տեղի սիրիացի և հայ բնակչությունը:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենուհի Նունե Ավետիսյանի ողջույնի խոսքով մեկնարկեց ցուցահանդեսի բացումը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ տիկին Ծովիկ Պայթարյանը նույնպես հանդես գալով ողջույնի խոսքով` նշեց, որ սույն ցուցահանդեսը ծառայում է հարթակ բարձրաձայնելու այն արհավիրքներն ու սարսափով լի օրերը, որոնք տեղի են ունեցել հարյուր տարի առաջ և դեռ շարունակում են տեղի ունենալ հայ ժողովրդի հետ: Ինչպես նաև ներկայացնում է Սիրիայում տիրող պատերազմական վիճակի մեջ հայտնված սիրիացի ժողովրդի ծանր դրությունը: Տիկին Բայթարյանը, նաև նշեց, որ կազմակերպելով այս միջոցառումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին` նաև հիշում և հայ ժողովրդի անունից շնորհակալություն են հայտնում Սիրիայի Արաբական Հանրապետությանը, որն ամենադառնագին պահին նեցուկ եղավ կյանքի ու մահու պայքարում հայտնված հայ ժողովրդին:

Ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ Իսսամ Նայալին, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռաիսիին, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության հյուպատոս տիկին Ամիրա Կարաուան և կցորդ Ռանա Խայատը,  ՀՀ-ում այլ երկրների դեսպանությունների կցորդներ, միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր:

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ Իսսամ Նայալին ողջունելով ներկաներին` նշեց, որ ցուցահանդեսը տխրություն ու հուզմունք է հարուցում, քանի որ ցավալի է տեսնել, թե ինչպես է հայ ժողովուրդը կրկին անգամ առևերեսվում գաղթի ճանապարհին, և ինչպես է սիրիացի ժողովուրդը պայքարում հանուն խաղաղ կյանքի:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև «Diaspo’arts»-ի ղեկավար Վաչէ Դեմիրճյանը և «Սիրիական համայնքը Երևանում» ՀԿ-ի ներկայացուցիչ Ջուլի Բափալյանը:

Ցուցահանդեսի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան վայելելու Ալին Մոմջյանի,  Ցոլեր Կարագուլյանի և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նորաստեղծ գիթառի խմբի կողմից մատուցված հոգեթով երաժշտական կատարումները, որոնք հուզեցին և հիշողություններ արթնացրեցին ներկաների մոտ:

Նախաձեռնելով այս ցուցահանդեսը` կազմակերպիչները ոչ միայն ընդգծեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, այլ նաև կարևորեցին Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումը և մեկ անգամ ևս շեշտեցին միասնության մեջ հայ ժողովրդի հզոր լինելը:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image