2015թ-ի հուլիսի 9-ին ավարտվեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի՝ DVV International, «Հայ դերասաների միություն» հասարակական կազմակերպության և «ՄԻՀՐ Ստեղծագործողների Միություն» մշակութային հասարարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Ասանկ-անանկ» ութօրյա փառատոնը։
Սիրիահայության մշակույթը վեր հանող փառատոնի սկիզբը հայտարարվեց Հայաստանի Ճարտարապետության Ազգային Թանգարան-Ինստիտուտում՝ Արևմտյան Հայաստանի ձեռագործ աշխատանքի հազվագյուտ նմուշների ցուցադրությամբ։ Այնուհետև փառատոնում ներառված Արևմտյան Հայաստանը պատկերող լուսանկարների ցուցահանդեսը, քերմեսը, թեմատիկ ֆիլմերի ցուցադրությունը, դասախոսությունը, թեյըմպումը, սիրիական ճաշատեսակի և քաղցրավենիքի հյուրասիրությունը, Արևմտյան Հայաստանի նախշազարդերով շապիկների և պայուսակի ցուցադրությունը, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի անդամ կանանց կողմից ներկայացված թաղիքագործության նմուշների ցուցադրությունը, ժամանակակից արևմտահայ գրողների ստեղծագործությունների ընթերցումը՝ ամբողջացրեցին և ճանաչողական կարևոր գիտելիքներ տրամադրեցին տեղաբնակներին Մայր Գաղութի՝ Հալեպի կյանքի մասին։
Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան վայելել երգ, երաժշտություն, իսկ մանուկների համար նախատեսված նկարչական և խաղերի անկյունները հրաշալի պահեր պարգևեցին փառատոնի փոքր մասնակիցներին։
Փառատոնի շրջանակում` ս/թ․ հունիսի 20-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի և պատանիների հանձաժողովի կազմերը մաքրեցին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանին կից տարածքը։ Երիտասարդները մաքրված տարածքում կազմակերպեցին ցուցահանդես։
Ութօրյա փառատոնն ավարտվեց սիրիահայ երիտասարդ երգիչ-երգչուհիների հոգեթով կատարումներով։
Կազմակերպելով և համագործակից կառույցների հետ կյանքի կոչելով «Ասանկ-անանկ» փառատոնը՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հավատարիմ մնաց իր նախանշված առաքելությանը և ևս մեկ անգամ խթանեց Հայաստանում ապաստանած սիրիահայության ներգրավվածությանը քաղաքացիական հասարակությունում՝ ի նպաստ հանրօգուտ գործունեության։