«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համագործակցությունը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության
2015թ-ի նոյեմբերի 5-ին Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ՝ “Սիրիահայ փախստականների կենսապայմանների բարելավում” ծրագրի շրջանակում կազմակերպել էր ծրագրի մասնակից 50 սիրիահայերի ավարտական հանդիսությունը։
Ծրագրի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել մասնագիտական գիտելիքներ վարսահարդարման, մատնահարդարման, խոհարարության, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման վերաբերյալ։
Ավարտական շնորհանդեսին ներկա էին Հայաստան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Կարեն Նազարյանը, «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները՝ ի դեմս փոխնախագահ Ծովիկ Մակարյան Պայթարյանի, տիկնանց խորհրդի անդամներ Թալին Չեմբերջյանի, Սալբի Կարագուլյանի և Ծովիկ Հայրապետյանի։
«Սիրիահայ փախստականների կենսապայմանների բարելավում Հայաստանում» ծրագիրը իրականացվել է Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և գերմանական “Kirche in Not” հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ի նպաստ սիրիահայ կանանց և երիտասարդների զբաղվածության խնդրի լուծման և նրանց ընտանիքների պայմանների բարելավման:
Ծրագրի մասնակից հիսուն վերապատրաստվողներից տասներկուսը շարունակում են հաճախել վարսավիրական, խոհարարական և տորթերի պատրաստման/ձևավորման դասընթացներին: Որոշ շահառուներ արդեն աշխատանք են գտել, իսկ նրանցից շատերը մասնավոր ծառայություններ են մատուցում՝ բարելավելով իրենց ընտանեկան բյուջեն:
Բոլոր շրջանավարտներն էլ մտան աշխատաշուկա հագեցած ամբողջ աշխարհում ամենապահանջված մասնագիտությունների լավ մեկնարկային հմտություններով՝ շնորհիվ ուսումնական կենտրոնի բոլոր դասավանդողների բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքի:
Հարկ է նշել, որ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԷՊ» կազմակերպության համագործակցության արդյունքում 2015թ-ի փետրվար ամսից մեկնարկել է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերի համար ծրագիրը, որի նպատակն է Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած անձանց տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություն։