Տեղի ունեցավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ամենամյա տոնական ճաշկերույթը
2016թ-ի հունվարի 13-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տիկնանց հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ամանորյա ճաշկերույթ: Այն մեկնարկեց կազմակերպության հիմնադիր մարմնի անդամ Ռիտա Կարագուլյանի ողջյունի խոսքով:
Տիկին Կարագուլյանը կազմակերպության անունից ողջունելով և շնորհավորելով ներկաներին Ամանորի և Սբ. Ծննդյան տոների կապակցությամբ՝ ևս մեկ անգամ հաստատեց այն կուռ հավատը, որ միայն միասնաբար, ուս ուսի, ձեռք ձեռքի կարող է հայությունը կերտել առավել լուսավոր ապագա:
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ «ՀԱԼԷՊ» կազմակերպության ամենամյա ճաշկերույթի ընթացքում տեղի ունեցավ տարեկան բարեգործական վիճակահանություն, որի շահույթը ծառայում է Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների կարիքները հոգալուն:
Վիճակահանության արդյունքում ոսկե մետաղադրամը շահեց տիկին Անտուանետ Բաղդասարյանը: Վերջինս կարևորելով «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից տարվող աշխատանքները՝ ճաշկերույթի ընթացքում սրտաբուխ նվիրատվություն կատարեց՝ ի նպաստ կազմակերպության նվիրական գործունեության շարունակականության ապահովման:
«ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում այն անձանց ու կառույցներին, որոնք զորավիգ կանգնելով կազմակերպությանը՝ իրենց հնարավորությունների սահմաններում աջակցում են սիրիահայ ընտանիքների առջև ծառացած խնդիրների դիմագրավմանը: