2016թ-ի մարտի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Տոնի առթիվ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության շահառու ընտանիքների թվով 100 մանուկներ Մայր Աթոռի Սոցիալական Ծառայության նախաձեռնությամբ ուղևորվել էին Էջմիածին:
Մայր Տաճարում մանուկները մասնակից դարձան հանդիսավոր ժամերգությանը, որի ավարտին ստացան Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնության կարգի ավարտին շնորհավորելով մանուկներին՝ ներկայացրեց տոնի խորհուրդը` նշելով, որ այսօր Փրկիչը մուտք է գործում հոգու տաճարներ, նաև եկեղեցիներ, ուր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից համախմբված են ազգի հավատավոր զավակները: Նորին Սրբությունն անդրադառնալով սիրիահայ մանուկների մասնակցությանը, ովքեր սիրիական պատերազմի պատճառով հեռացել են Սիրիայից և ապաստան են գտել Մայր Հայրենիքում, Երկնավոր Տիրոջից հայցեց, որպեսզի Իր խաղաղությունը հեղի աշխարհի տարբեր կողմերում պատերազմի տառապանքները կրող ժողովուրդների կյանքում:
Օրհնություն ստանալուց հետո Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Սոցիալական Ծառայության տնօրեն արժանապատիվ Տ. Մարկոս քահանայի գլխավորությամբ մանուկներն ուղևորվեցին Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տունը, որտեղ մասնակից դարձան տոնին նվիրված համերգին:
Տոնական միջոցառումը մեկնարկեց արժանապատիվ Տ. Մարկոս քահանայի ողջույնի խոսքով: Մանուկները միասնաբար տերունական աղոթք հնչեցրին և երգեցին Հայաստանի հանրապետության հիմնը:
Միջոցառման ավարտին մանուկներին սպասում էր հյուրասիրություն, ինչպես նաև մանուկներին համար նվերներ էին պատրաստվել Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի և «SOAR» բարեգործական կազմակերպության կողմից:
«ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակին կազմակերպության շահառու սիրիահայ ընտանիքների թվով 100 մանուկներին Մայր Հայրենիքում խնդությամբ լի, բարության լույսով զարդարված և խնկաբույր օրհնությամբ օծված Ծաղկազարդի տոն պարգևելու համար:
Սոցիալական ծառայության կողմից իրականացված «Ծաղկազարդը Մայր Աթոռում» ծրագիրը սիրիահայ մանուկներին զգացնել տվեց Հայրենիքի հոգածությունն ու ջերմությունը: