«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության գործադիր մարմինը հանդիպեց սիրիական համայնքին
2016թ-ի մայիսի 13-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության գործադիր մարմինը հանդիպում ունեցավ Հայաստանում ապաստանած սիրիահայ համայնքի ավելի քան 175 ներկայացուցիչների հետ:
Կարևորելով «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության կողմից ցուցաբերվող ուշադրությունը սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրներին՝ Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց հանդիպման էությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «ՀԱԼԷՊ» կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը: Շնորհակալություն հայտնելով միջազգային կազմակերպության գործադիր մարմնին սիրիահայության խնդրով հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ տիկին Բալխյանը շեշտադրում կատարեց համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին, մասնավորապես բնակարանային խնդրին:
Հանդիպմանը մասնակից սիրիահայերը հնարավորություն ունեցան բարձրաձայնելու Հայաստանի սիրիական համայնքի առջև ծառացած հրատապ լուծում պահանջող խնդիրները, հատկապես բնակարանային և զբաղվածության խնդիրները, ինչպես նաև հարցեր ուղղելու «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության ղեկավար կազմի անդամներին:
«Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության գլխավոր քարտուղար Ջոն Նդունան ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց կարևորագույն խնդիրները վեր հանելու և դրանով իսկ խթանելու առավել ուղղորդված աշխատանք իրականացնելուն:
Իր հերթին «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության տնօրեն Պաուլինա Պարհիալան կիսելով համայնքի մտահոգությունը՝ նշեց, որ համադաշնության կողմից տարվող աշխատանքները ոչ միայն օգնություն են տրամադրում, այլև աջակցում են առկա խնդիրները բարձրաձայնելուն: