Նարեկ Տէկիրմենճեանի ճամփորդությունը հայրենիքում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հետ
Հինգ ամիս առաջ ես լքեցի Սիդնեյը «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրի շրջանակում Հայաստան գալու նպատակով։ Որպես սիրիահայ իմ ցանկությունն էր աջակցել Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին և տեղաբնակներին։
Հայաստանում որպես կամավոր ես սկսեցի աշխատել «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) և այդ համագործակցությունը հրաշալի հնարավորություն էր ներգրավվելու և մասը կազմելու այս հիասքանչ կազմակերպությանը։
Ես անմիջականորեն վկա եմ եղել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի բազմաթիվ ձեռնարկներին, որոնք միտված են եղել աջակցություն ցուցաբերելու կարիքավոր սիրիահայերին, ինչպես նաև օգնել նրանց տեղափոխվել Հայաստան և սկսել նոր կյանք հայրենիքում։
«Փրկէ կեանք մը» ծրագիրը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից նախաձեռնված ծրագրերից մեկն է։ Հարյուրավոր կարիքավոր սիրիահայեր են Հայաստան տեղափոխվել այս ծրագրի շրջանակում։ Ես հնարավորություն եմ ունեցել այս ծրագրի շրջանակում գնալ օդանավակայան և անձամբ դիմավորել մի շարք ընտանիքների ու հիացմունքով հետևել այն գոհունակությանն ու ժպիտներին, որոնք նշմարվում էին նրանց դեմքին ժամանման պահին։
Իհարկե, առաջին հայացքից դժվար է ասել, թե այդ ժպիտներն արդյունքն են նրա, որ արդեն հայրենիքում են, թե այն բանի, որ այլևս հեռու են պատերազմից։ Այնուամենայնիվ, նրանց երախտագիտությամբ լի հայացքներն ինձ պարգևել են երջանկության բերկրանք․ ուրախացրել, որ ներգրավվել եմ «Փրկէ կեանք մը» ծրագրի աշխատանքներում։ Սա իրապես հուզիչ փորձառություն էր։
Ես նաև աջակցել եմ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին իր ընթացիկ աշխատանքների կազմակերպման գործում՝ բաշխելով սնունդ և հագուստ սիրիահայերին։ Ինչպես նաև կենսական աջակցություն եմ ցուցաբերել «Որդեգրէ ընտանիք մը» ծրագրի կազմակերպման և իրականացման գործում։
«Որդեգրէ ընտանիք մը» ծրագրի շրջանակում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը Հայաստանում գտնվող ամենախոցելի սիրիահայ ընտանիքների համար գտնում է բարերարներ, ովքեր պատրաստակամություն են հայտնում որդեգրել այդ ընտանիքներին որոշակի ժամանակահատվածով՝ տրամադրելով ամսական ֆինանսական օգնություն։
Իմ ամենից հիշարժան փորձառություններից մեկը թերևս նաև այն է եղել, որ ես ուղեկցել եմ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ Վարդենիսում կայացած 12 օրյա ամառային ճամբարին մասնակից թվով 20 սիրիահայ երեխաներին։
Որպես ճամբարի համակարգող-ղեկավար անձ՝ ես հնարավորություն եմ ունեցել անցկացնելու արդյունավետ և բովանդակալից ժամանակ Սիրիայից, Իրաքից և Արցախից ժամանած երիտասարդների հետ։ Քննարկումները, որոնք վերաբերվում էին զանազան փորձառություններին, որոնց առնչվել են հայ երիտասարդները Արցախից, Սիրիայից և Իրաքից Հայաստան վերաբնակվելուց ի վեր, թույլ են տվել ավելի լավ ընկալել զանազանության մեջ առկա գեղեցկությունն ու հարստությունը։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում իմ կամավորական աշխատանքն ինքնաճանաչման և ինքնհաստատման հնարավորություն էր։ Եվ ոչ միայն նրա համար, որ անգնահատելի փորձառություն ունեցա փախստականների հետ աշխատելիս և նրանց աջակցելիս, այլև նրա համար, որ կազմակերպության անդամները կարծես դարձան ընտանիք ինձ համար։
Ես անկասկած վերադառնալու և շարունակելու եմ սկսած աշխատանքս։