«Արևիկ-Հայաստան» կենտրոնին նվիրված բարեգործական ճաշկերույթը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում
2018 թվականի մարտի 16-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի կենտրոնի խնամակալության հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց բարեգործական ճաշկերույթ՝ նվիրված Սուրբ Ծաղկազարդի տոնին և Կանանց միջազգային օրվան:
Ճաշկերույթին ներկա էին «Արևիկ-Հայաստան» կենտրոնի բարեկամ և աջակից կանայք, ովքեր վայելեցին խնամակալության կազմի կողմից պատրաստված համեղ ճաշատեսակներն ու անուշահամ քաղցրավենիքի տեսականին:
Բարեգործական ճաշկերույթին բացման խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության փոխատենապետ Զարմիկ Թոքաթլյանը ,ով ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնին շարունակական աջակցման համար, այնուհետև ասմունքեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի բանաստեղծություններից մեկը՝ նվիրված հայ մայրերին:
Ողջույնի խոսքով հանդես եղավ նաև կենտրոնի խնամակալության ատենապետուհի Լուսին Շէօհմելեանը: Նա իր խոսքն ուղղեց հայկական և սիրիական բանակներում զինվորական ծառայություն անցնող սիրիահայ երիտասարդների մայրերին և խնդրեց, որ ներկաներն իրենց աղոթքը հղեն կանանց որդիների հրատապ վերադարձին:
Ճաշկերույթին երաժշտական կատարումներով հանդես եկավ «Նոյ» նվագախումբը, որի անդամ սիրիահայ երիտասարդները իրենց բարձրակարգ երաժշտությամբ ապահովեցին ներկաների բարձր տրամադրությունը:
Հանդիպման ներկաները մասնակցեցին ավանդական վիճակահանությանը, որոնցից ամենաբախտավոր մասնակիցը ստացավ հատուկ նվեր բարերար Կարո Փամբուկյանի կողմից:
Ճաշկերույթի ժամանակ «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալությունն իր երախտիքի խոսքը հղեց և խորհրդանշական նվերով պատվեց Հալեպում և արդեն Հայաստանում «Արևիկ» կենտրոնի գործունեության երկար տարիների նվիրյալ ատենապետուհի Լուսին Շէօհմելեանին։
Բարեգործական ճաշկերույթի հասույթը ծառայելու է «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության ապահովմանը՝ հնարավորություն տալով կենսական աջակցություն ցուցաբերել կենտրոնի հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերին:
Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնն անվճար հիմունքներով աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ապաստան գտած մտավոր և ֆիզիկապես հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայերին՝ նպատակ ունենալով դյուրացնել նրանց առօրյան և աջակցել նրանց ներգրավվածությանը հասարակական կյանքում:
«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաներն անվճար ստանում են հոգեբանական աջակցություն և մասնակցում են հատուկ ուսուցողական դասընթացների, ինչպիսիք են մաթեմատիկայի, նկարչության, երաժշտական, ֆիզիկական դաստիարակության, թատրոն-թերապիայի, խոսքի զարգացման և ձեռագործ աշխատանքների պատրաստման դասընթացները: