ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՍՏՐՈ-ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԱԼԵՊՊՈ ՔՈՒԻԶԻՆ» ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
2019 թ․ ապրիլի 14-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի կողմից հիմնադրված «Ալեպպո Քուիզին» կենտրոնը մասնակցեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 113-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնախմբությանը և ցուցահանդես-վաճառքին՝ ներկայացնելով Արևելյան խոհանոցի ուտեստները լայն հանրությանը:
Կենտրոնը, որը բացվել է ընդամենը հինգ ամիս առաջ, գործում է որպես արտադրամաս և սննդի կետ ու մատուցում ծառայություններ սննդի արտագնա սպասարկման ոլորտում: ՀԲԸՄ-ի տոնախմբությանը «Ալեպպո Քուիզին»-ը ներկայացել էր իր բազմազան արտադրանքով՝ արևելյան կերակրատեսակներով։
«Ալեպպո Քուիզին» կենտրոնը, նկատի ունենալով սիրիահայ կանանց շրջանում գոյություն ունեցող գործազրկության բարձր մակարդակը և հաշվի առնելով նրանց հիմնական կարողություններից խոհարարական հմտությունների տիրապետումը, աշխատատեղեր է ստեղծում սիրիահայ կանանց համար և նպաստում Հայաստանում նրանց տնտեսական ու սոցիալական ներգրավմանը:
Կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայում է ոչ միայն կենտրոնում աշխատող սիրիահայ կանանց կայուն եկամուտ ապահովելուն, այլև՝ խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։
«Ալեպպո Քուիզին» կենտրոնը կազմակերպում է նաև խոհարարական դասընթացներ, որոնք իրականացվում են ՀԲԸՄ-ը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսավորման շրջանակում։