Կինոդիտում սիրիահայ և տեղացի երիտասարդների համար` «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում
2019թ. ապրիլի 26-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի հոգևոր-հոգեբանական աջակցության շրջանակում, սիրիահայ և տեղացի երիտասարդների համար կազմակերպվել էր ֆիլմի դիտում, որն անցկացվեց «Հալեպ» ՀԿ-ի գրասենյակում:
Երիտասարդների համար նախապես ընտրվել էր ռեժիսոր Փիթեր Ֆարելլի նկարահանած՝ օսկարակիր «Կանաչ գիրք» ամերիկյան կատակերգություն-դրաման: Ֆիլմում ներկայացվում էին դրվագներ ընկերության, արժանապատվության և նվիրվածության մասին: Մասնակիցները ոգեշնչված էին ֆիլմով և ցանկություն հայտնեցին հետագայում ևս մասնակցել նման կինոդիտումների:
Կինոդիտման մասնակիցներից Նազիգ Աբէլիանը նշում է. «Ես, իսկապես, հաճույք ստացա «Կանաչ գիրք» ֆիլմից: Այն շատ հուզիչ էր, իմաստալից և միևնույն ժամանակ զվարճալի: Ֆիլմում հումորի միջոցով կարևորվում է յուրաքանչյուր մարդու նկատմամբ հարգանքը՝ անկախ ռասայական, գենդերային, կրոնական, տնտեսական և այլ սոցիալական կարգավիճակից: Ես վստահորեն խորհուրդ կտայի բոլորին դիտել այս ֆիլմը»:
Ֆիլմից հետո մասնակիցները սկսեցին ակտիվ քննարկել ֆիլմը, կիսվեցին իրենց տպավորություններով և կարծիքներ փոխանակեցին:
Կինոդիտումը կազմակերպվել էր սիրիահայ երիտասարդ Սերլի Թեքայանը, ով աջակցում է ծրագրի հոգևոր-հոգեբանական աջակցության միջոցառումների իրականացմանը, որի նպատակն է սիրիահայ երիտասարդների մշակութային և հոգևոր արժեքների հարստացումը:
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: