«Ալեպպո Քուիզին» կենտրոնը մասնակցեց Հարսանյաց ցուցահանդեսին
2019թ․ հունիսի 29-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված «Ալեպպո Քուիզին» կենտրոնը մասնակցեց «Փրայմ Հոլլ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած Հարսանյաց ցուցահանդեսին՝ նվիրված հայկական ավանդական հարսանեկան ծեսի վերհանմանն ու հայկական մշակութային արժեքների պահպանմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Ջի Էմ Ջի Մեդիա Գրուպ» ընկերության, «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի», «Պրոմ Էքսպո» ընկերության և «Փրայմ Հոլլ» ռեստորանային համալիրի կողմից։
Ցուցահանդես-վաճառքին մասնակցում էին 60-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացրեցին իրենց արտադրանքը և ծառայությունները, իսկ ռեստորանային համալիրի բակում տեղի ունեցավ իրական հարսանյաց արարողություն։
«Ալեպպո Քուիզին» կենտրոնը ցուցահանդես-վաճառքին ներկայացել էր իր յուրահատուկ արտադրանքով՝ արևելյան լավագույն կերակրատեսակներով, և ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու կենտրոնի տարբերվող կերակրացանկին, ինչպես նաև գործունեության գլխավոր առաքելությանը։
Շուտով կմեկնարկեն «Ալեպպո Քուիզին» կենտրոնի խոհարարական վերապատրաստման դասընթացները։ Դասընթացները մշակվել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից համատեղ իրականացվող «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
«Ալեպպո Քուիզին» կենտրոնը սոցիալական ձեռնարկություն է՝ հիմնադրված «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ստեղծելու աշխատանքի հնարավորություններ Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականների համար։ Ձեռնարկությունը ֆինանսավորվում և աջակցություն է ստանում ամբողջ աշխարհի մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից, ներառյալ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և Կարիտաս Ավստրիան, Եվրոպական միությունը, «ԳԻԶ» Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը, Հյուսթոն-Տեխաս նահանգի Սբ. Գեւորգ Առաքելական եկեղեցին, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, պարոն Վրեժ Քոլանճյանը, դոկտոր և տիկին Օստերբաուեր-Տանիելյանները և այլք։