2019թ․ նոյեմբերի 8-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի անդամներն այցելեցին Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի, ունկնդրեցին եկեղեցու Տիկնանց հանձնախմբի «Հույսի միավորի» կողմից հնչեցված շարականները, որին հաջորդեց հյուրասիրությունը։
Ապա ծրագրի անդամներն ուղևորվեցին Հովհ․ Թումանյանի թանգարան՝ մասնակցելու Հովհ․ Թումանյանի և Լևոն Շանթի ծննդյան 150 հոբելյանների առթիվ՝ Հովհ․ Թումանյանի թանգարանում կազմակերպված «Հովհաննես Թումանյան․ Մանկական ստեղծագործություններ․ Լևոն Շանթի արևմտահայերեն փոխադրությամբ» գրքի շնորհանդեսին։
Այս արևմտահայերեն ժողովածուն նվիրված է երկու հայ մեծերին, ովքեր դեռ շատ տարիներ առաջ համատեղ կազմել են դասագիրք ինչպես արևելահայության, այնպես էլ Պոլսի դպրոցականների համար։
Շնորհանդեսին ելույթ ունեցան թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, բարերար Արմինե Կարապետյան-Կունդակջյանը և հալեպահայ գրող, հրապարակախոս Հակոբ Միքայելյանը։
Գրքի ստեղծմանն իրենց նկարազարդումներով մասնակցել են Սփյուռքի հայկական բազմաթիվ վարժարանների սաներ, իսկ նրանցից երեքը՝ արդեն հայաստանաբնակ, ներկայացրեցին իրենց աշխատանքները։
Հանդիպման ավարտին «ՀԱԼԷՊ» ՀԿ ներկայացուցիչները ևս իրենց ստորագրությունները թողեցին գրքի էջերին։
Շնորհանդեսից հետո «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի անդամներին բաժանվեցին Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ներկայացման տոմսեր։
Շնորհակալություն ենք հայտնում Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրինությանը՝ գրքի շնորհանդեսը կազմակերպելու և «ՀԱԼԷՊ» ՀԿ ներկայացուցիչներին հրավիրելու համար։
Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ–ի «Սոցիալ–հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։
Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ–հոգեբանական վերականգնմանը։
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 14։00-ին, «ՀԱԼԷՊ» ՀԿ–ում։ Հասցե՝ ք․Երևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։