Սիրով ներկայացնում ենք «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական վճարովի պրակտիկայի մասնակիցներ Շաղիգ Ճուհարյանին և Կալի Պապօղլիին, ովքեր իրենց պրակտիկան անցկացնում են «Աշն փրոջեքթ» ճարտարապետական ընկերությունում:
Կալին ծնվել է Քուվեյթում, ապա մեկ տարի անց տեղափոխվել Սիրիայի Հալեպ քաղաք: Հալեպում հաճախել է Հայկազյան ազգային վարժարան, ապա՝ Կարեն Եփփե ազգային ճեմարան: 2014 թ.-ին պատերազմի պատճաոով ընտանիքով տեղափոխվել է Հայաստան և շարունակել իր ուսումը: «Երևանում դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել եմ Հայաստանի Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Միջավայրի դիզայն» բաժին, այժմ սովորում եմ 4-րդ կուրսում»,- նշում է Կալին:
«Ընտրել եմ այս մասնագիտությունը՝ ոգեշնչվելով մորեղբորիցս, ով ճարտարապետ է և ում աշխատանքները տեսնելով, հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ ավելի մեծացավ:
Ուսմանս հետ մեկտեղ մասնակցել եմ մասնագիտական տարբեր դասընթացների՝ 3D Max, AutoDesk Revit, Archicad, Autocad և այլն: Մի քանի ամիս աշխատել եմ իմ մասնագիտությամբ, սակայն դասերս չհասցնելու պատճառով թողեցի աշխատանքս»,- նշում է Կալին:
Իսկ թե ինչու դիմեց ինթերնշիփային այս ծրագրին, Կալին պատասխանում է. «Ինթերնշիփին դիմելու նպատակս էր բարելավվել մասնագիտական գիտելիքներս և հմտություններս: Արդեն սովորել եմ գունային ճիշտ համադրություն, գունային գամմային համապատասխան իրերի դասավորություն և ամենակարևորը այս ընթացքում մեծ փորձ ձեռք բերեցի՝ ապագայում լավ և հմուտ մասնագետ դառնալու համար»:
Կալիի հետ միասին «Աշն փրոջեքթ» ընկերությունում պրակտիկա է անցնում նաև իր համակուրսեցի Շաղիգ Ճուհարյանը: Շաղիգն ընտանիքով Հայաստան է տեղափոխվել 2012թ.:
Հարցին, թե ինչու է ընտրել դիզայների մասնագիտությունը, Շաղիգը պատասխանում է. «Հայրս ճարտարապետ է, ումից էլ հենց մոտիվացվել եմ ընտրելու այս մասնագիտությունը: Մյուս տարի պլանավորում եմ ընդունվել մագիստրատուրա, իսկ մոտ ապագայում կցանկանայի բացել իմ սեփական ճարտարապետական ստուդիան»:
Շաղիգը պրակտիկայի շրջանակում պատրաստում է տարատեսակ էսքիզներ, ընդգրկված է ինտերիեր դիզայնի տարբեր աշխատանքներում:
«Շնորհակալություն եմ հայտնում ինձ իմ մասնագիտական պրակտիկան ապահովելու համար: Նախկինում դիմել եմ տարբեր տեղեր մասնագիտական աշխատանքի համար, սակայն ապարդյուն: Իսկ այս ծրագիրն իսկապես հիանալի հնարավորություն էր փորձի ձեռքբերման համար և հուսով եմ, համալսարանն ավարտելուց հետո անմիջապես կարող եմ աշխատել»,- ուրախությամբ նշում է Շաղիգը: