Գրաֆիկ դիզայնի դասընթացներ՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում
2020թ. հունիսի 1-ից «Երիտասարդների
պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մեկնարկեցին
Գրաֆիկ դիզայնի (Adobe Photoshop, Adobe Illustrator) առցանց անվճար դասընթացներ՝ սիրիահայ և տեղացի 16 երիտասարդների
մասնակցությամբ: Ծրագիրն իրականացնում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը(«ՀԱԼԵՊ» ՀԿ)՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի
աջակցությամբ:
Դասընթացներն անցկացվելու են 4 ամիս՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ՝
Open With ուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ: Դասընթացի ընթացքում մասնակիցներն
ուսումնասիրելու են տարբեր գործիքներ, աշխատանք նկարների հետ, սովորելու են գունային
մշակումներ, դիզայնի օրենքներ, հատուկ էֆեկտների կիրառում, գրաֆիկական
պատկերների ստեղծում և այլն:
Դասընթացի սիրիահայ մասնակից Արվին Քափթանեանը սովորում է Երևանի
ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության
քոլեջի 1-ին կուրսում:
«Մեծ ոգևորությամբ եմ մասնակցում Adobe Photoshop-ի դասընթացին, որն ինձ անհրաժեշտ է մասնագիտությանս մեջ հմտանալու համար, դասերն անցնում են բավական պարզ և ընկալելի: Շնորհակալություն եմ հայտնում ինձ նման հնարավորություն ընձեռելու համար»,- նշում է Արվինը:
Հիշեցնենք՝
«Երիտասարդների
պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին, որի նպատակն
է բարելավել սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղաբնակ երիտասարդների
կարողությունները, փոխանցել նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև հնարավորություն
տալ ձեռք բերելու աշխատանքային փորձ՝ մասնագիտական պրակտիկայի կազմակերպման միջոցով:
Հաշվի առնելով COVID-19-ի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը՝ դասընթացներն անցկացվում են առցանց տարբերակով՝ ZOOM ծրագրի միջոցով: