Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Հայրապետական շքանշաններ շնորհվեցին Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու Ծխական Խորհրդի երկու անդամների

«ՀԱԼԷՊ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպությունն ուրախ է տեղեկացնել, որ Հյուսթոնի (Տեխաս) Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու Ծխական Խորհրդի ատենապետ՝ Հայաստանում մարդասիրական օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերում մեր երկարամյա գործընկեր և բարերար պարոն Վրեժ Քոլանճեանն այս ամիս Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանի է արժանացել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից։

2021 թվականի մայիսի 2-ին կայացած հատուկ արարողության և համայնքային հավաքույթի ընթացքում պարոն Վրեժ Քոլանճեանից բացի «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի է արժանացել նաև Սբ․ Գևորգ հայկական եկեղեցու Ծխական Խորհրդի անդամ պարոն Դաւիթ Օնանեանը։

Միջոցառումը նախագահում էր թեմակալ առաջնորդ Դանիել եպիսկոպոսը, ով շնորհավորեց շքանշանակիրներին և վիրտուալ կերպով դիմեց ծխական համայնքներին՝ ինտերնետային ուղիղ կապի միջոցով: Վիրտուալ հանդիպմանը ներկա էին նաև Թեմական Լեգատ և Տիեզերական Տնօրեն Արքեպիսկոպոս Վիքէն Այքազեանը և Արևելյան Թեմի այլ հոգևորականներ:

Համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով, ցավոք, միայն բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող փոքրաթիվ անձինք կարողացան անձամբ ներկա գտնվել արարողությանը: Այդուհանդերձ, շատ ծխականներ միջոցառմանը մասնակցեցին Zoom տեսաժողովի հարթակի միջոցով: Բարին մաղթողների թվում էին ընկերներն, ընտանիքը և ծխական խորհրդի անդամները:

Հյուսթոնի հովիվ Տեր Մարտիրոս Հակոբյանը շքանշանները շնորհեց եկեղեցու սրբավայրում, որտեղ նա բարձրաձայն կարդաց պարոն Քոլանճեանին և պարոն Օնանեանին ուղղված Հայրապետական շրջաբերականները, որոնցում կաթողիկոսը գովաբանում էր տեղական համայնքին, Արևելյան թեմին, ամբողջ հայ եկեղեցուն և հայ ազգին մատուցած նրանց անձնվեր ծառայությունը։

Շքանշանակիրների վրա Տեր Հակոբյանի՝ «Սուրբ Ներսես» շքանշաններն ամրացնելուց հետո, Դանիել Սրբազանը շնորհավորեց վերջիններիս՝ շեշտելով նրանց երկարամյա ծառայությունը և հույս հայտնելով, որ դա նրանց կխրախուսի նոր էներգիայով գործադրել իրենց ջանքերը և ավելի մեծ օրինակ ծառայել ապագա սերունդների համար:

Իրենց խոսքի մեջ Վրեժ Քոլանճեանը եւ Դաւիթ Օնանեանը երախտագիտություն հայտնեցին Նորին Սրբությանը և Առաջնորդ Սրբազանին «Սուրբ Ներսես» շքանշանով իրենց պարգևատրելու համար։

Որպես այդ առիթով մատուցվելիք երաժշտական հարգանքի տուրք՝ Հասմիկ Վարդանյանը Ալիսիա Բոյկոյի դաշնամուրային նվագակցությամբ հայկական դասական ընտրանու գործեր նվագեց թավջութակով: Այնուհետև Տ. Հակոբյանն ընտանեկան հավաքույթի մասնակիցներին առաջնորդեց դեպի Սուրբ Գէորգ Խանոյանի պուրակում կազմակերպված նրբաճաշակ բացօթյա ընդունելություն:

Նկարները դիտելու համար կարող եք սեղմել այստեղ։ Մրցանակաբաշխության համար մի գեղեցիկ գրքույկ էր պատրաստվել, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հատվածներ Հայրապետական շրջաբերականից

Վրեժ Քոլանճեանին ուղղված իր շրջաբերականում Կաթողիկոս Գարեգին 2-րդը, մասնավորապես, հաղորդում էր․

Ձեր՝ որպես բարեպաշտ հայի ծառայությունն ի շահ եկեղեցու, նշանավորվել է ծխական և թեմական կյանքում կատարած բազմաթիվ գովելի գործերով, ինչպիսիք են համայնքի հոգևոր և ազգային կյանքի ձևավորումը և հոգևոր կյանքում ակտիվության ու առաջընթացի խթանումը։ Դուք Ձեր պատասխանատվության տարբեր ոլորտներում հասել եք բազմաթիվ աստվածահաճո նվաճումների՝ որպես Սբ. Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի նախագահ պաշտոնավարելով տասներկու տարի, և այսօր էլ արդյունավետ կերպով շարունակում եք որպես Թեմական պատվիրակ Ձեր ծառայությունը՝ ի բարօրություն եկեղեցու։  

Առանձնահատուկ գովասանքի է արժանի հայրենիք տեղափոխվելու և պատերազմի պատճառած դժվարությունները հաղթահարելու գործում սիրիահայերի աջակցությանն ուղղված Ձեր մարդասիրական գործունեությունը։ Դուք Ձեր բարի օգնությունն եք ցուցաբերել նաև Արարատի անօթևան և կարիքավոր երեխաների պետական կենտրոնին։ Դուք իրավամբ գործի եք դրել Ձեր հավատը և նույն հայրենասիրական ոգով այսօր էլ շարունակում եք աջակցել Հայաստանում ապրող մեր սիրիահայերին աշխատատեղերով ապահովելու նախաձեռնությանն, ինչպես նաև 1988 թ. ողբերգական երկրաշարժի հետևանքով ավիրված ու վնասված շրջանների աջակցությանը միտված հումանիտար նախագծերին:  

Դաւիթ Օնանեանին ուղղված կաթողիկոսի շրջաբերականում մասնավորապես ասվում էր.  

Որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ ինձ համար պատիվ է գնահատել Ձեր անձնուրաց ծառայությունը՝ նշանավորված հանուն Ամերիկահայ համայնքի հոգևոր-եկեղեցական կյանքի բարգավաճման ու առաջընթացի տասնամյակներ շարունակ կատարած գովարժան արարքներով։ Որպես ակոլիտ՝ դուք Ձեր նվիրված մասնակցությունն եք ունեցել ժամերգություններին՝ ավելի ուշ ստանձնելով ծխական խորհրդի նախագահի դերը, հանդես գալով նոր նախաձեռնություններով և ջանքեր գործադրելով Աստծո կողմից պահպանվող թեմի շենացման ու պայծառացման համար: Հայրենասիրության Ձեր օրինակը և հանուն Եկեղեցու բարօրության ծավալած Ձեր գործունեությունը բեղմնավոր է եղել նաև որպես Թեմական պատվիրակ՝ Ձեր ծառայության ընթացքում։

Մեծ է Ձեր ավանդը նաև նոր սերնդի կրթության գործում։ Դուք ամենայն եռանդով ու պատասխանատվությամբ Ձեր տաղանդներն ու ժամանակն օգտագործել եք այս վեհ նպատակի համար՝ ծառայելով որպես Ամերիկայի Հայ Եկեղեցու Երիտասարդական Կազմակերպության համակարգող, փոխնախագահ և նախագահ: Գովելի է, որ՝ իբրևհայ ժողովրդի արժանի զավակ, Սուրբ Ներսես հայկական ճեմարանի Տնօրենների Խորհրդի անդամը լինելով՝ Դուք հաջողությամբ եք աշխատել նոր սերնդի հոգևորականության պատրաստման գործում: Ձեր փորձով և կազմակերպչական հմտություններով ստանձնել եք Սուրբ Գևորգ եկեղեցու ստեղծած հանձնաժողովի նախագահի պարտականությունն`օգնելու և աջակցելու 2017 թ-ի ջրհեղեղից տուժած կարիքավորներին` վկան դառնալով Ձեր մեջ դեպի մերձավորն ունեցած մշտավառ քրիստոնեական սիրո:

Պարոն Վրեժ Քոլանճեանը և Հյուսթոնի Սբ․ Գևորգ հայկական եկեղեցու Ծխական խորհուրդն առանցքային դեր են խաղացել Սիրիական հակամարտության ամենաթեժ պահին (2015-2017) Սիրիայից Հայաստան 460-ից ավելի սիրիահայերի տարհանման, 2018 թվականին սիրիահայ կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը միտված Aleppo Cuisine կենտրոնի հիմնադրման և շարունակվող կորոնավիրուսային համավարակի ընթացքում սիրիահայերին ու լիբանանահայերին և հետպատերազմյան շրջանում արցախցիներին տրամադրվող աջակցության գործերում։

«ՀԱԼԷՊ» ՀԿ-ն ի սրտե շնորհավորում է պարոն Քոլանճեանին, պարոն Օնաենանին և Հյուսթոնի Սբ․ Գևորգ հայկական եկեղեցու Ծխական խորհրդին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից այս գնահատելի պատվին արժանանալու համար։

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image