SMM դասընթացի առաջին տասը մասնակիցները ստացան իրենց հավաստագրերը
Մայիսին մեկնարկած ճամփորդությունը մոտեցավ իր ավարտին. ուրախ ենք ազդարարել սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM ) դասընթացի ավարտը առաջին տասը մասնակիցների հետ: Երիտասարդները հետաքրքրություն ու ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին՝ բարձր արդյունքներ գրանցելով դասընթացի ավարտին: Հետևաբար, մեր թիմը ևս այցելեց Business Development Group-ի գրասենյակ՝ մասնակցելու հավաստագրերի հանձնման արարողությանն ու նշելու մեր ուսանողների հաջողությունները: Նրանք բոլորը գոհ էին դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներից ու հմտություններից և արդեն իսկ պատրաստվում են աշխատանք փնտրել՝ իրենց համար ցանկալի հրավերներ ստանալու ակնկալիքով:
«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչով նախատեսված դասընթացների նպատակն է աջակցել փախստական ու տեղացի երիտասարդներին`ձեռք բերել ու զարգացնել իրենց հմտությունները և բարձրացնել Հայաստանի աշխատաշուկա մուտք գործելու նրանց հնարավորությունները: Ծրագիրն իրականացնում է «Հալեպ» ՀԿ-ը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Արագ փոփոխվող աշխարհում դժվար է թերագնահատել վերապատրաստման ու զարգացման դերը անհատի կարիերայում: Երիտասարդներին հնարավորություն տալով շուկայում պահանջված համապատասխան հմտություններ ձեռք բերել՝ մենք նրանց օգնում ենք բարձրացնել որակավորումներն ու աշխատանք գտնելու հավանականությունը: Այսպիսով, հավատարիմ մնալով մեր արժեքներին ու առաքելությանը՝ մեկնարկում ենք SMM դասընթացը մասնակիցների երկրորդ խմբի հետ՝ նրանց հաջողություն մաղթելով և հուսալով, որ կհավանեն դասընթացն ու առավելագույնը կքաղեն դրանից: