320 սիրիահայ ընտանիքներ Ամանորի նախաշեմին ստացան նվեր-քարտ՝ պարենային գնումներ իրականացնելու համար

2018 թվական դեկտեմբերի 27, 28, 29-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Տաքուկ Ձմեռ» մարդասիրական ծրագրի շրջանակում նվեր-քարտերի տեսքով ֆինանսական աջակցություն ցուցաբերեց սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած շուրջ 320 ընտանիքի։

Յուրաքանչյուր տարի՝ ամանորի նախաշեմին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը, որի գործունեությունն ամբողջովին ուղղված է կարիքավոր սիրիահայերին աջակցություն ցուցաբերելուն, համախմբում է տեղական և միջազգային կառույցներին ու անհատ բարերարներին «Տաքուկ Ձմեռ» ծրագրի շուրջ՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Նկատի ունենալով, որ սիրիահայ ընտանիքները չունեն հիմնական աշխատանք, որն իր հերթին թեթևացնելու էր նրանց հոգսերը, և բախվում են տարատեսակ կենցաղային խնդիրների, «Տաքուկ Ձմեռ» ծրագիրն ընտանիքներին տրամադրում է նվեր-քարտեր՝ նախատոնական օրերին պարենային գնումներ կատարելու նպատակով:

Այս տարի «Տաքուկ Ձմեռ» ծրագիրն իրականություն դարձավ ի շնորհիվ նվիրատվությունների ստացված աշխարհի տարբեր անկյուններից։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում միջազգային ու տեղական կառույցներին, և անհատ բարերարներին կազմակերպությանը ցուցաբերած վստահության և  կատարած նվիրատվությունների համար, առանց որոնց անհնար կլիներ «Տաքուկ Ձմեռ» ծրագրի իրականացումը 2019 թվականի նախաշեմին։