«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը մասնակցեց ՄԱԿ ՓԳՀ-ի փախստականների պաշտպանության հարցերով աշխատաժողովին

2015թ-ի նոյեմբերի 25-26-ը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս փոխնախագահ Ծովիկ Պայթարյանի, մասնակցեց ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված փախստականների պաշտպանության հարցերով աշխատաժողովին:

Տիկին Պայթարյանը տեսապատկերներով ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, ընթացիկ ծրագրերից՝ «Հյուրընկալէ ընտանիք մը», «Փրկէ կեանք մը», «Որդեգրէ ընտանիք մը», «Սոցիալ-հոգեբանական աջակցություն», կանանց ձեռներեցության խթանում, «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի» ծրագրերը:

Տիկին Պայթարյանը նաև անդրադարձ կատարեց այն դժվարություններին, որոնց առջև կանգնում են սիրիահայերը Հայաստանում և Սիրիայում, ներկայացրեց սիրիահայերի Սիրիայից տեղափոխվելու ուղիները, խոսեց Մայր գաղութի զավակների տեղահանման և արտագաղթի մասին, ինչպես նաև ներկայացրեց համայնքի ներքին շարժը, Երևանում և մարզերում սիրիահայ համայնքի բաշխվածությունը, խոսեց նաև Հայաստանում սիրիահայ համայնքի առաջնային կարիքների և նրանց հնարավոր լուծումների մասին:

Աշխատաժողովը հնարավորություն ընձեռեց վեր հանել սիրիահայության առջև ծառացած ներկայիս խնդիրները, որոնց վրա հիմնվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների ցուցաբերվող օգնությունը:

«ՀԱԼԷՊ» կազմակերպության գործադիր մարմինը ողջունելով և կարևորելով նման աշխատաժողովների արդյունավետությունը՝ իր խորին շնորհակալություն է հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակին օգտաշատ նախաձեռնության համար: