«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը մասնակցեց գումարային տեսքով մարդասիրական օգնության վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը

2016թ-ի մայիսի 6-ին ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում գումարային տեսքով աջակցության վերաբերյալ: Հանդիպումը մասնավորապես վեր հանեց փախստականների հետ աշխատանքի ենթատեքստում կանխիկ դրամական գործարքների նպատակը, շրջանակը, հիմնավորումը և իրականացման փուլերը:

Խնդրով հետաքրքրված և մարդասիրական գործունեություն իրականացնող մասնակից տեղական և միջազգային կազմակերպությունների շարքում էր նաև «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանի և ծրագրերի համակարգող Հայասա Թահմազյանի:

Հանդիպման ընթացքում մասնակից կառույցների ներկայացուցիչներն աշխատանքային խմբերի միջոցով քննարկեցին որպես մարդասիրական օգնություն տրվող կանխիկի հրատապ աջակցության և բնակարանի վարձի փոխհատուցման, ինչպես նաև սեռով և գենդերով պայմանավորված բռնության ենթարկված փախստական անձանց գլխավոր մարտահրավերները:

Աշխատանքային հանդիպումը ծառայեց հարթակ կանխիկ դրամական գործարքների մեխանիզմների զարգացման և հզորացման, ինչպես նաև աշխատանքային փորձառության փոխանակման և համագործակցություններ ձեռք բերելու համար: