«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն քննարկում է սիրիահայ տեղահանված անձանց հիմնախնդիրները Եվրոպայից հյուրընկավլած երիտասարդ մասնագետների հետ

2018 թվականի մայիսի 7-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) հյուրընկալեց Եվրոպայից ժամանած փախստականների իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված երիտասարդ մասնագետներին:

Հանդիպումը հնարավոր դարձավ «Հայ առաջադեմ երիտասարդություն» կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ: Երիտասարդ մասնագետները ներկայացնում էին Գերմանիայում, Լատվիայում, Սերբիայում, Դանիայում և Իտալիայում գործող քաղաքացիական հասարակության և մարդասիրական աջակցություն տրամադրող տարբեր կազմակերպություններ:

Հանդիպման ընթացքում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի աշխատակիցները հյուրերին տեղեկացրեցին հայաստանաբնակ սիրիահայերի կազմակերպչական և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների ու մարտահրավերների մասին, ներկայացրեցին կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեությունը: Հյուրերը ներկաների հետ կիսվեցին փախստականների իրավունքների պաշտպանության և ինտեգրման ոլորտներում լավագույն փորձի իրենց գաղափարներով:

«Սա հրաշալի հնարավորություն է Եվրոպայից ժամանած երիտասարդների համար՝ ծանոթանալու Սիրիայից տեղահանված անձանց մարտահրավերների մասին, որոնք ծայրահեղ տարբեր են Եվրոպայում բնակվող սիրիացի և այլ փախստականների խնդիրներից» – նշեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը: «Մինչդեռ սոցիալական և մշակութային ինտեգրումը մեծ խոչընդոտ է հանդիսանում Եվրոպայում բնակվող փախստականների համար, Հայաստանում նրանց ժողովրդագրական կազմը վկայում է, որ նույն խոչընդոտները նվազագույն են, քանի որ սիրիացի փախստականները հիմնականում ծագումով հայ են և տեղացիների հետ կիսում են ընդհանուր մշակույթն ու պատմությունը»:

Հանդիպման ավարտին երիտասարդ մասնագետներն ու «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի աշխատակազմը համաձայնեցին, որ տիպայնացված ծրագրերը չեն կարող լուծել փախստականների հիմնախնդիրները: Տեղահանված անձանց համար ծրագրեր նախագծելուց առաջ տեղական և միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև ընդունող կառավարությունները պետք է լավ հասկանան սոցիալ-տնտեսական կոնտեկստում փախստականների առանձնահատուկ խնդիրները: «Լայնածավալ հետազոտությունների վրա հիմնված ծրագրերը լավագույն մոտեցումն են սիրիահայերի խնդիրները հիմնավոր և արդյունավետ լուծելու համար» – ասաց Սարգիրս Պալխեանը: