Նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացը կօգնի երիտասարդներին հաջողության հասնել

2018 թվականի հուլիսի 27-ին, թվով տասը երիտասարդ սիրիահայ և տեղացի երիտասարդներ ստացան ավարտական վկայականներ «Նեյրո-լեզվաբանական ծրագրավորման սկզբունքներն ու գործածությունը» դասընթացին մասնակցելու համար, որը վարեց հավաստագրված դասընթացավար Հակոբ Մակդիս Մուսոն:

Սույն թվականի հունիս ամսից ի վեր սիրիահայ և տեղացի երիտասարդներն այցելել են «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրասենյակում անցկացվող նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացին, որն անցկացվել է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում՝ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ։

Նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացն ուսումնասիրում է հաղորդակցությունը՝ որպես արվեստ և գիտություն: Այն վերջին 6 շաբաթների ընթացքում մասնակիցներին սովորեցրեց կենտրոնանալ առաջադրված նպատակներին և ողջ ուժերն ուղղել դրանց հասնելուն:

Հանդիպման սկզբին մասնակիցները հանձնեցին ավարտական բանավոր քննությունուն՝ ցուցաբերելով դասընթացի շնորհիվ ստացած գիտելիքները:

«Այս դասընթացի ընթացքում սովորել ենք տարբեր մեխանիզմներ՝ կյանքում հաջողության հասնելու համար: Դրանք կիրառելի գիտելիքներ են, որոնք արդեն հասցրել եմ օգտագործել իմ առօրյայում,» – ասաց Ակսաննա Ներսեսյանը՝ ծրագրի մասնակիցներից մեկը:

«Կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել ենք շատ բան սովորել մարդկանց մասին, հիմնականում կենտրոնանալով մարդկանց տարբեր տեսակների մասին ուսումնասիրությունների վրա, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես հաղորդակցվել և բանակցել նրանց հետ,» – նշեց Նայիրի Քելեշեանը՝ կիսվելով դասընթացի մասին իր տպավորություններով:

Դասընթացավար Հակոբ Մակդիս Մուսոն տպավորված էր ծրագրի հաջողությամբ և նշեց, որ լի է հույսով, որ հետագա համագործակցությունը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ նույնպես արդյունավետ կլինի:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը և «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը մասնակիցներին հանձնեցին ավարտական վկայականները:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է  սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթացներ: