«Արևիկ-Հայաստան» կենտրոնը միացավ «Երեխաների ձայնը» միջոցառմանը

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Երեխաների ձայնը» միջոցառմամբ, որին մասնակցություն ցուցաբերեց նաև «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ երեխաների կենտրոնը:

Մանկան անկեղծությամբ ու ծիծաղով լի, հետաքրքրաշարժ խաղերով լեցուն, գույնզգույն նվերներով հարուստ միջոցառումը յուրօրինակ տոն պարգևեց մասնակիցներին:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաները՝ ուսուցիչների և «ՀԱԼԷՊ» կազմակերպության ներկայացուցիչների ուղեցկությամբ առանձին տաղավարով մասնակցելով միջոցառմանը՝ հանրությանը ներկայացրեցին իրենց կողմից ջանասիրաբար պատրաստված ինքնատիպ ձեռագործ աշխատանքները: «Արևիկ-Հայաստան» կենտրոնի տաղավարի այցելուները հնարավորություն ունեցան նաև համտեսելու տարատեսակ անուշեղեն և ստանալու գեղեցիկ նվերներ:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնին հատկացված տաղավարում հյուրընկալվեցին մեծաթիվ երեխաներ և ծնողներ, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տաղավարն իրենց ներկայությամբ պատվեցին և կենտրոնի գործունեությունն առավել ուշադրության արժանացրեցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը և Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասը:

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը, բարձր գնահատելով և կարևորելով «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործունեությունը, Հայաստանում ապաստանած սիրիահայ երեխաներին ցուցաբերվող աջակցությունն ու հոգատարությունը, ինչպես նաև «ՀԱԼԷՊ»  կազմակերպության «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ երեխաների կենտրոնին հատկացված ուշադրությունը՝ «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանին որպես երախտիքի նշան միջոցառման ընթացքում նվիրեց «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաների նկարած միասնություն խորհրդանշող պատկերը:

«Երեխաների ձայնը» միջոցառումը հիշարժան տոն պարգևելով մանուկներին՝ յուրովի զարդարեց «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ երեխաների կենտրոնի սաների առօրյան:

IMG_7556 IMG_7561 IMG_7566 IMG_7625 IMG_7650IMG_7679 IMG_7709 IMG_7733