«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն աջակցում է սիրիահայ ճարտարապետներին

«ՀԱԼԵՊ» հայրենակցակական բարեսիրական հասարակական կազմակերպության և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցության շնորհիվ շուրջ երկու ամիս է՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մեկնարկել է սիրիահայ երիտասարդ ճարտարապետների համար անվճար համակարգչային դասընթացները։

Հանրաճանաչ 3dMax և Photoshop ծրագրերի դասընթացները օգնելու են երիտասարդ ճարտարապետներին և դիզայներներին ի կատար ածել իրենց երևակայությանը համապատասխան պատկերներն ու էսքիզները, ինչպես նաև նախագծել և մոդելավորել տարատեսակ կառույցներ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:

Դասընթացներն իրականացնում է Skillshop կազմակերպությունը, որի հիմնադիր Արեկ Քեշիշյանը նույնպես Հայաստան է տեղափոխվել Սիրիայից: Նա արդեն տարիներ շարունակ դասավանդում է սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին և քաջատեղյակ է նրանց հիմնախնդիրների և կարիքների մասին:

3dMax դասընթացի առաջին հանդիպմանը ներկա էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի ղեկավար Սարգիս Պալխեանը: Նա իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին և խոսեց ծրագրի կարևորությունն ու սիրիահայ երիտասարդներին աջակցելու նպատակների մասին:

Դասընթացի սիրիահայ մասնակից Կարլոսը սովորում Է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի երկրորդ կուրսում, ուսումնասիրում: Դեռ մանուկ հասակից երազում էր ճարտարապետ դառնալ: «Համալսարանում դասընթացները հետաքրքիր են, բայց հիմնականում տեսական գիտելիքների տեսքով են մատուցվում: Ցավոք ժամանակակից համակարգչային ծրագրերը չեն դասավանդվում: «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում 3dMax-ի դասընթացի եմ հաճախում, որի դրական ազդեցությունն ակնհայտ է»,- նշեց նա:

Դասընթացի մասնակից Սերլին նույնպես կիսվեց դասընթացի մասին իր տպավորություններով: «Միշտ սիրել եմ արվեստը և երազել եմ նկարչուհի դառնալ: Այժմ սովորում եմ դիզայնի ֆակուլտետում: Photoshop ծրագրի առաջին երկու հանդիպումները բարդ էին, սակայն շուտով հարմարվեցի: Այժմ սովորում ենք թե ինչպես զանազան պատկերներ համատեղել, փոխել նկարների գունային գամմաները: Դիզայների համար այս գիտելիքները շատ օգտակար են,» – նշեց նա:

Հիշեցնենք՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը: