«Կամուրջ» ամառային ճամբարը համախմբեց սիրիահայ և հայաստանցի խոցելի երիտասարդների

2018 թվականի օգոստոսի 1-ից 8-ը Սիրիայից տեղահանված երիտասարդները և հայաստանաբնակ խոցելի երիտասարդները մասնակցեցին “Կամուրջ” ճամբարին, որը կազմակերպվել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Կռունկ» ճամբարում  «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում` «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ջանքերի շնորհիվ:

Ամառային ճամբարի նպատակն էր կապ ստեղծել սիրիահայ և տեղացի երիտասարդների միջև` հոգևոր, մշակութային, սոցիալական և այլ միջոցառումների միջոցով:

«Կամուրջ» ամառային ճամբարի մեկնարկից առաջ սիրիահայ երիտասարդներից կազմված մի խումբ հետաքրքրություն հայտնեց սովորելու Հայաստանի պատմական, կրոնական, մշակութային հարստության, ինչպես նաև աշխարհագրության մասին:   

Այսպիսով, ճամբարի ընթացքում երկու հրավիրյալ մասնագետներ մասնակիցների հետ դասընթաց անցկացրեցին Հայաստանի աշխարհագրության, ժառանգության, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպեցին հայկական ավանդական խաղեր, որոնցից էին «յոթ քարը», «աղջիկ փախցնոցին», որոնք ծանոթ չէին սիրիահայ մասնակիցներին:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչԱրփինե Նիյոլյանը մի խումբ մասնակիցների հետ կազմակերպեց Ֆորում Թատրոնի հանդիպումները: Դասընթացն իրականացնելու համար մասնակիցները բաժանվել են խմբերի: Մասնակիցների մի մասը պատրաստել էր ներկայացում քաղաքական և սոցիալական խմբերի վերաբերյալ, իսկ մյուսը` հանդիսատեսի դերում եղել` գնահատակելով ներկայացումը, առաջարկելով լուծումներ ներկայացված խնդիրներին:

Ներկայացման հիմքում ընկած էին Սիրիայից տեղահանված անձանց խնդիրները. ներկայացման ընթացքում երիտասարդները ներկայացրեցին մի սիրիահայ ընտանիքի պատմություն, որը Սիրիայի պատերազմ հետևանքով որոշում է տեղափոխվել Հայաստան և, հետևաբար, աշխատանք գտնելու, Արևմտահայերենի և Արևելահայերենի գործածման խնդիրների առջև կանգնում:

Սա շատ կարևոր վարժություն էր, որն օգնեց տեղացի մասնակիցներին հասկանալու Սիրիայից Հայաստան տեղափոխված ընտանիքների որոշ խնդիրները, ինչպես նաև հետաքրքիր քննարկման արդյունք հանդիսացավ Հայաստանում սիրիահայ և տեղացի երիտասարդների մարտահրավերների մասին:

Կազմակերպիչները ապշած էին երիտասարդների ներգրավվածությունից և ներկայացված սոցիալական խնդիրներին առաջարկած լուծումներից:

Իհարկե, հնարավոր չէր ճամբարն անցկացնել առանց հայկական ազգագրական պարի դասընթացի: «Կայթ» կրթամշակութային կենտրոնի հիմնադիր տօրեն Կորիուն Դավթյանի ղեկավարությամբ, մասնակիցները ոչ միայն պարեցին ամենահայտնի հայկական ավանդական պարերից մի քանիսը, այլև սովորեցին ավանդական պարերգերի ծագման ու կարևորության մասին:

Ճամբարի հետաքրքիր միջոցառումներն այսպիսով չավարտվեցին: Մասնակիցներն իրենց հանգիստն անցկացրեցին սպորտային խաղեր խաղալով, մոտակա անտառում զբոսնելով, ինչպես նաև նշելով մասնակիցներից երկուսի ծննդյան տոները, երգերով, պարելով և շփվելով իրենց նոր ընկերների հետ:

Յոթորյա ճամբարից հետո, որի ընթացքում մասնակիցների համար կազմակերպվեցին ուխտագնացություններ դեպի Լոռու տարբեր եկեղեցիներ և սրբատեղիներ, սիրիահայ և տեղացի երիտասարդների միջև ամուր «կամուրջ» ձևավորվեց: