Բարեգործական ցուցահանդես-վաճառք «ՀԱԼԷՊ» կազմակերպության նորաբաց կենտրոնում

2015 թ. նոյեմբերի 9-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ հայկական ավանդական ասեղնագործության աշխատանքների 5-օրյա բարեգործական ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը:

Ցուցահանդես-վաճառքն ամփոփեց «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրը, որն իրականացվել է «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ Ծառայելով իր նպատակին` ծրագիրը խթանեց Հայասատանի քաղաքացիական կյանքին սիրիահայ և տեղաբնակ կանանց ակտիվ մասնակցությունը և նպաստեց հայկական ավանդական ասեղնագործության, մասնավորապես Ուրֆայի, Վանի, Դանթել և Նորվէկիան ասեղնագործության պահպանմանը և տարածմանը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀ կազմակերպության գործադիր մարմնի անունից ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ ծրագրերի ղեկավար Նաիրա Մարգարյանը, ով ազդարարեց միջոցառման հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության, մի շարք գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործադիր մարմնի անդամները, ծրագրի մասնակից 40 սիրիահայ և տեղաբնակ կանայք և այլ հրավիրյալներ։

Ծրագրի մասնակից կանայք այցելուների հոծ բազմությանը ներկայացրեցին իրենց կողմից պատրաստված Ուրֆայի, Վանի, Դանթելի և Նորվէկիան ասեղնագործությունների մոտ 60 յուրօրինակ նմուշներ։ Միջոցառման ավարտին կանանց շնորհվեց մասնակցության հավաստագրեր, ինչպես նաև փաթեթներ` ասեղնագործության համար անհրաժեշտ պարագաներով՝ ապահովելու նրանց շարունակական գործունեությունը ծրագրի ավարտից հետո։ Ծրագիրը արժեքավոր ներդրում էր թե՛ սիրիահայ և թե՛ տեղաբնակ կանանց կյանքում։

Միջոցառումը լուսաբանեցին «Շանթ», «Արմնյուզ», «Ազդարար», «Արմենիա», հեռուստաընկերությունները, «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալությունը և Հայաստանի հանրային ռադիոն:

Բարեգործական ցուցահանդես-վաճառքը գործելու է մինչև 2015թ. նոյեմբերի 13-ը «ՀԱԼԷՊ» կազմակերպության նորաբաց կենտրոնում` Վարդանանց փակուղի 8ա, տարածք 3 հասցեով: