COVID-19-ի համավարակով պայմանավորված դրամահավաք՝ սիրիահայ կարիքավոր ընտանիքների աջակցության համար

Ականջալուր լինելով սիրիահայ ընտանիքների հոգսերին՝ պայմանավորված երկրում COVID-19-ի պատճառով ստեղծված արտակարգ դրությամբ, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) հիմնադիր նախագահ Անի Պալխեանի նախաձեռնությամբ՝ որոշում կայացվեց կազմակերպել դրամահավաք սոցիալական ցանցում՝ միջոցներ հավաքագրելու սիրիահայ և տեղաբնակ կարիքավոր ընտանիքների համար:

Դրամահավաքի մեկնարկը տրվեց 10 ապրիլ 2020թ.-ին՝ GoFundMe կայքի միջոցով: Ստացված գումարն օգտագործվում է աջակցություն ցուցաբերելու սիրիահայ կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն, ինչպես նաև հիգիենայի պարագաներ և սննդի փաթեթներ:

Դրամահավաքը կազմակերպվեց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում սիրիահայ փախստականների շրջանում գործազրկության իրական մակարդակը կազմում էր 46%՝ նախքան COVID-19-ը, իսկ սիրիահայ աշխատողների 63%-ն աշխատում էր առանց պայմանագրի կամ գրանցման: Բացի այդ, ի տարբերություն տեղաբնակների, ովքեր չունեն սեփականության պաշտպանության համատարած խնդիր, սիրիահայերի 81%-ն ապրում է վարձակալությամբ: Եվ անգամ այս օրերին, բնակարանների սեփականատերերը շարունակում են պահանջել իրենց վարձակալության գումարը, իսկ գործատուներն առանց վարձատրության աշխատանքից ազատում են սիրիահայ աշխատողներին կամ էլ տալիս արձակուրդ՝ առանց վճարելու դրա դիմաց: Ուստի սիրիահայ փախստականները ոչ միայն չեն կարող դիմակայել կորոնավիրուսին, այլև նրանց ողջ կենսապահովումը վտանգի տակ է պանդեմիայի ընթացքում:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ը իր երախտագիտությունն է հայտնում այն բարերարներին, ովքեր իրենց նպաստն ունեցան մարդասիրական այս ծրագրին:

Դրամահավաքի արշավը շարունակական է, քանի որ COVID-19-ի պայմաններում՝ սիրիահայերի և տեղաբնակների կարիքները մեծանում են օրեցօր:

Դրամահավաքին միանալու համար՝
https://www.gofundme.com/f/covid19-relief-for-refugees-in-armenia?fbclid=IwAR0_q4iMCJYJluUXOIqduW_xqxu7OH2nWevlsnp9gIh8nfwlzxDk8KXotGU