Երկրորդ բնակարանամուտը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի շրջանակում

2015թ-ի հոկտեմբերի 6-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ երկրորդ բնակարանամուտը։

Հայաստանում հաստատված Մարալ Նալբանդյանի երեք անդամներից բաղկացած ընտանիքին առանց վարձավճարի, սահմանված պայմաններով տրամադրվեց բնակարան։

Բնակարանամուտն իրենց ներկայությամբ պատվել էին ծրագրի բարերարուհի տիկին Անժել Չեմբերջյանը և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի ներկայացուցիչները։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը հանդես գալով ողջույնի և շնորհավորանքի խոսքով՝ իր խորին երախտագիտությունը հայտնեց Տեր և Տիկին Գաբրիել և Անժել Չեմբերջյաններին հայաշեն գործունեության, ազգանպաստ ծառայության համար։ Տիկին Բալխյանը մեծապես կարևորեց այն փաստ, որ այս հայրենանպաստ առատաձեռնությամբ  Չեմբերջյանների ընտանիքը տալիս է հույս խոցելի դրության մեջ գտնվող ընտանիքներին՝ իրենց ապագան վստահորեն կերտելու Մայր Հայրենիքում և չբռնելու արտագաղթի ճամփան։

Սիրիահայ ընտանիքին նոր բնակարանի բանալիներն հանձնեց «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի բարերարուհի տիկին Անժել Չեմբերջյանը։

 

Հիշեցնենք՝ «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի նպատակն է կասեցնել Հայաստանից սիրիահայերի արտագաղթելու հրատապ երևույթը` շեշտը դնելով սիրիահայությանը Մայր գաղութի՝ Հալեպին մոտ պահելու անհրաժեշտության վրա։

Ծրագիրն իրականցվում է բարերարների նյութական աջակցությամբ, ովքեր, գնելով բնակարաններ Հայաստանում, առանց վարձավճարի, սահմանված պայմաններով  տրամադրում են բնակարանները կարիքավոր սիրիացի ընտանիքներին:

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տրամադրում է կահույք ձեռք բերված նոր բնակարանների համար: