Առաջին բնակարանամուտը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի շրջանակում

2015թ-ի հոկտեմբերի 6-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ առաջին բնակարանամուտը։ Այսուհետ Հայաստանում ապաստան գտած կարիքավոր սիրիահայ ընտանիքը՝ ի դեմս Սիրանուշ Այնթապիի և Սարգիս Ասատուրի կունենա հուսալի տանիք Մայր Հայրենիքում։

Բնակարանամուտն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը, ծրագրի բարերար տիկին Անժել Չեմբերջյանը, «Global Hope» միջազգային ցանցի ներկայացուցիչը, ֆրանսահայ բարերար Վազգեն Մելքոնյանը, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի ներկայացուցիչները։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ նշեց, որ զուր չէր «ՀԱԼԷՊ» կազմակերպության անկոտրում հավատը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի չբեկվող վստահությունն ու Տեր և Տիկին Գաբրիել և Անժել Չեմբերջյանների հայրենանպաստ առատաձեռնությունը։ Այս երկու կազմակերպությունների և Չեմբերջյան ընտանիքի ամիսներ շարունակ տևած աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ Մայր Հայրենիքում փախստական դարձած սիրիահայ ընտանիքին ապահովել բնակարանով։

Տիկին Բալխյանը մեծապես կարևորելով ՄԱԿ ՓԳՀԳ-ի աջակցությունը ծրագրին՝ երախտագիտություն հայտնեց կազմակերպության աշխատանքներին հավատ ընծայելու համար։ Նա նշեց, որ անգնահատելի է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կենսական նշանակություն ունեցող օժանդակությունը ծրագրի կյանքի կոչման հարցում:

Ինչպես նաև խորին շնորհակալություն հայտնելով ծրագրի բարերար Չեմբերջյան ընտանիքին՝ տիկին Բալխյանը հայտնեց, որ Չեմբերջյան ընտանիքի նշանակալի ներդրումը ծրագրում արժանի է միայն հարգանքի և մեծարանքի: Նա հույս հայտնեց, որ Չեմբերջյան ընտանիքի ազգանվեր այս քայլը ծառայելով օրինակ շատ ու շատ հայ զավակների համար՝ կդառնա բարօրրության ապավեն կարիքավոր սիրիահայ ընտանիքներին:

Եվ իր խոսքում տիկին Բալխյանն անդրադառնալով բնակարանամուտը տոնող Ասատուր ընտանիքին՝ շնորհավորեց նրանց և մաղթեց, որ նոր տանիքն օգնի նրանց կերտել հավատով լեցուն նոր ապագա Մայր Հայրենիքում:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը։ Վերջինս շնորհավորելով ընտանիքին բնակարանամուտի առթիվ՝ բարձր գնահատեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ծավալած գործունեությունը, որը կարճ ժամանակում կարողացավ մշակել և իրականացնել Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքների համար մեծ նշանակություն ունեցող ծրագրեր։ Ինչպես նաև շնորհակալություն հայտնելով Չեմբերջյան ընտանիքին՝ մեծապես կարևորեց նրանց նվիրվածությունը Հայրենիքին:

ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի համակարգող Անահաիտ Հայրապետյանը նույնպես հանդես գալով ողջույնի խոսքով՝ կարևորեց «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի արդիականությունը և շնորհակալություն հայտնեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին ու Չեմբերջյան ընտանիքին՝ տարված աշխատանքների և ցուցաբերված օժանդակության համար։

Սիրիահայ ընտանիքին նոր բնակարանի բանալին հանձնեց «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի բարերարուհի տիկին Անժել Չեմբերջյանը։

Հիշեցնենք՝ «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի նպատակն է կասեցնել Հայաստանից սիրիահայերի արտագաղթելու հրատապ երևույթը` շեշտը դնելով սիրիահայությանը Մայր գաղութի՝ Հալեպին մոտ պահելու անհրաժեշտության վրա։

Ծրագիրն իրականցվում է բարերարների նյութական աջակցությամբ, ովքեր, գնելով բնակարաններ Հայաստանում, առանց վարձավճարի, սահմանված պայմաններով  տրամադրում են բնակարանները կարիքավոր սիրիացի ընտանիքներին:

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տրամադրում է կահույք ձեռք բերված նոր բնակարանների համար:

***

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանի խոսքը «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի առաջին բնակարանամուտին՝

«Յարգարժան ներկայացուցիչներ Սփիւռքի նախարարութեան, Յարգարժան ներկայացուցիչ ՄԱԿ-ի փախստականներու հարցերով գերագոյն յանձնակատարի Հայաստանեան գրասենեակի, եւ Համեստափայլ Տիկին Անժել Չէմպերճեան,

Սիրելի գործընկերներ եւ ներկաներ․-

«Հալէպ» կազմակերպութեան անունով թոյլ տուէք ողջունել եւ շնորհակալութիւն յայտնել, որ այսօր ձեր ներկայութեամբ կը պատուէք կազմակերպութեան «Հիւրընկալէ Ընտանիք մը» ծրագրի միջոցով իրականացուած առաջին բնակարանամուտը։

Այսօր մենք միասին կեանքի կը կոչենք Հայաստանի մէջ Սիրիական համայնքի համար խիստ կարեւոր նշանակութիւն ունեցող ծրագիր։

Ի զուր չէր «Հալէպ» Կազմակերպութեան անկոտրում հաւատքը ՄԱԿ-ի փախստականներու հարցերով գերագոյն յանձնակատարի Հայաստանեան գրասենեակի՝ անբեկանելի վստահութիւնը ու Տէր եւ Տիկին Գաբրիէլ եւ Անժել Չէմպերճեաններու հայրենանպաստ առատաձեռնութիւնը։

Այս երկու կազմակերպութիւններուն եւ Չէմպերճեան ընտանիքին շնորհիւ այսօր մայր հայրենիքի մէջ կը տրամադրուի յուսալի տանիք Սիրիահայ ընտանիքի մը, փորձելով մոռացութեան մատնել անոնց կրած պատերազմի զրկանքներն ու դժուար պայմանները, ապահովելով իրենց ջերմութիւն, ապագայի հանդէպ լոյսով լեցուն հաւատք։

Ամիսներ շարունակ տեւած աշխատանքներուն որպէս արդիւնք, իրականացաւ այս օրը, որը իր պայծառութեամբ կ՛ամրապնդէ այն հաւատքը, որ սիրիացի հայրենակիցներու առջեւ ծառացած խնդիրներու լուծում տալը, կ՛իրականանայ միայն ու միայն միասնական աշխատանքով, սիրիահայերու ապրած դժնդակ առօրեայով հետաքրքուած կառոյցներու եւ անհատներու փոխհամագործակցութեան ու փոխվստահութեան շնորհիւ։

Յարգարժան ՄԱԿ-ի գրասենեակի ներկայացուցիչ, «Հալէպ» կազմակերպութեան անունով կ՛ուզենք յայտնել մեր խորին երախտագիտութիւնը կազմակերպութեանս աշխատանքներուն հաւատ ընծայելու եւ «Հիւրընկալէ Ընտանիք մը» ծրագրին այնչափ կարեւոր աջակցութիւն ցուցաբերելու համար։ Անգնահատելի է ձեր կենսական նշանակութիւն ունեցող օժանդակութիւնը ծրագրին կեանքի կոչուելու գործին մէջ։

Համեստափայլ Տիկին Անժել Չէմպերճեան, ընդունեցէք մեր խորին շնորհակալութիւնը, որ «Հիւրընկալէ Ընտանիք մը» ծրագրին առաջին բարերար ընտանիքը հանդիսացաք Մայր հայրենիքի մէջ, հինգ բնակարաններ ձեռք բերելով եւ անվարձայատոյց տրամադրելով մեր սիրիահայ եղբայրներուն եւ քոյրերուն։

Չէմպերճեան ընտանիքի այս նշանակելի հայրենանուէր, ազգանպաստ ներդրումը՝ արժանի է միայն յարգանքի, մեծարանքի եւ գնահատանքի։

Լիայոյս ենք, որ Չէմպերճեան ընտանիքի ազգանուէր այս քայլը կը ծառայէ օրինակ շատ ու շատ հայ ազգի զաւակներուն համար, ու կը դառնայ բարօրութեան ապաւէն կարիքաւոր սիրիահայ ընտանիքներուն։

Սիրելի Տիկին Սիրանուշ եւ Սարգիս Ասատուրեան, կը շնորհաւորենք ձեզ բնակարանամուտի առթիւ։ Թող այս երդիքը օգնէ ձեզ կերտելու հաւատքով լեցուն նոր ապագայ Մայր հայրենիքի մէջ։

Սիրելի ներկաներ, մաղթելով մեզ բոլորիս յաջողութիւն՝ լիայոյս ենք, որ միասնաբար գործակցութեան շնորհիւ եթէ ոչ լիովին, ապա բաւականաչափ կը կարողանանք աջակցիլ սիրիահայ փախստական ընտանիքներուն ստեղծելու բարեկեցիկ ապագայ Հայաստանի մէջ:

Շնորհակալութիւն»: