Ինչպես փրկել կյանք. Ընդհանուր առաջին օգնության դասընթաց սիրիահայ երիտասարդների համար

2018 թվականի հունիսի 23-ին «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ) հյուրընկալեց սիրիահայ երիտասարդների, ովքեր մասնակցեցին «Ինչպե՞ս իրականացնել առաջին օգնություն» դասընթացին:

Դասընթացը կազմակերպվել է «Հալեպ» ՀԿ-ի և և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում:

Մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը: Նա նշեց․ «Ես շատ ուրախ եմ հանդիպելու ձեզ «Հալեպ» ՀԿ-ի գրասենյակում: Լիահույս եմ, որ այսօր կսովորեք, թե ինչպես մարդու կյանք փրկել և առաջին օգնություն իրականացնել, եթե նման դժբախտ պատահարի հանդիպեք»:

Առօրյա կյանքում հաճախ են դժբախտ պատահարներ տեղի ունենում՝ վթարներ, կտրվածքներ, կոտրվածքներ, քթի արյունահոսություն, թունավորում և այլն: Առաջին օգնություն վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները մասնակիցներին նախապատրաստելու են արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև այլ դեպքերում օգնել դրա կարիքն ունեցող մարդկանց:

Դասընթացի ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերության փորձառու և հավաստագրված մասնագետները մասնակիցներին տվեցին տեսական և գործնական գիտելիքներ, սովորեցրեցին օգտագործել առաջին օգնության համար նախատեսված տարբեր գործիքներ և սարքավորումներ:

Դասընթացի հիմական կետերից էին, թե ինչպես օգնություն ցուցաբերել այրվածքների, փափուկ հյուսվածքների վնասվածքների, արյունահոսության, թունավորման դեպքերում և այլ արտակարգ իրավիճակներում:

Այս ութժամյա տեսական և գործնական դասընթացի ավարտին մասնակիցները թեսթ լրացրեցին՝ ստուգելու իրենց գիտելիքները, որից հետո Հայկական Կարմիր խաչի կողմից ստացան միջազգայինորեն ճանաչված վկայականներ:

Հիշեցնենք՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը: