Ծաղիկների լեզուն. Սոցիալ-հոգեբանական աջակցության հյուրն էր Մառլեն Տանաջյոզյանը

2018թ. փետրվարի 9-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը («Հալեպ» ՀԲՀԿ) հերթական անգամ իր դռներն էր բացել Սոցիալ-հոգեբանական աջակցության հանդիպման առիթով: Հանդիպման հյուրն էր բնապահպան և Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողուհի տկն. Մառլեն Տանագյոզյանը:

Տկն. Տանագյոզյանը ներկաներին օգտակար խորհուրդներ տվեց  տնային բույսերի մշակման և հոգ տանելու վերաբերյալ: Նա պատմեց, թե ինչպես տնային բույսերն առողջ պահել, ինչպես խնամել և ինչ կենսանյութեր օգտագործել առավել առողջ ու գեղեցիկ ծաղիկներ ունենալու համար:

Շարունակելով իր ելույթը` նա խոսեց ծաղիկների «լեզվի» և մշակույթի մասին: Ցուցադրելով իր հետ բերած ծաղկեփունջը` տկն. Տանագյոզյանը պատմեց բույսերի և ծաղիկներ սիմվոլիզմի մասին` բացատրելով հյուրերին, թե ավանդաբար ինչ նշանակություն են դրանք ունեցել և թե ինչ առիթներով է պետք է դրանք ընծայել:

Բույսերն ունեն յուրօրինակ փոխհարաբերություններ կենդանիների, մարդկանց և, իհարկե, այլ բույսերի հետ: Այս թեմայով զրույցով էլ խոսնակն ավարտեց իր ելույթը: Մասնակից կանայք հետաքրքրությամբ ունկնդրեցին տկն. Տանագյոզյանին և նրան ուղղեցին իրենց հուզող հարցերը:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ-ի Տեխաս նահանդի Հյուստոն քաղաքի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմի Սբ. Գևորգ  եկեղեցու ծխական խորհրդի ներկայացուցիչ, բարերար պրն. Վրեժ Քոլանճեանն իր տիկնոջ` Քրիստին Քոլանճեանի հետ միասին, ովքեր իրենց այցի ընթացքում ծանոթացան «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը, ծրագրերի և շահառուների հետ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կազմակերպվող սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում: Հասցե՝ Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ: