«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Բարօրության ճանապարհը միասնության մեջ է

2015 թ-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության գործունեությանը յուրատիպ հավատ ընծայեց ԱՄՆ-ում բնակվող Նաջարյանների ընտանիքը:

Փոլ և Ռաքել Նաջարյանները տեղեկանալով, որ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունն աշխարհասփյուռ հայ բարերարների ուշադրությունը հրավիրելով Հալեպում ստեղծված դրությանը՝ խնդրում է ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցել խոցելի դրությունում հայտնված և օգնության խնդրանքով «ՀԱԼԷՊ» կազմակերպություն դիմած  հայրենակիցներին տեղափոխվելու Հայաստան՝ որպես ապահով երկիր, հետամուտ եղան մարդասիրական օգնություն ցուցաբերելու կարիքի մեջ գտնվող Մայր գաղութի զավակներին:

2015 թ-ի հունիսի 20-ին Նաջարյանների ընտանիքը՝ Փոլ Նաջարյանի տարեդարձի խնջույքը մեկտեղեց բարեսիրական գործունեությանը: Տարեդարձին հրավիրված ավելի քան 70 հյուրերին նախօրոք առաջարկվել էր փաթեթավորված նվերները «փոխարինել» ֆինանսական նվիրատվությամբ՝ ի աջակցություն «ՀԱԼԷՊ» կազմակերպության «Փրկիր կեանք մը» ծրագրին։

Տեր և Տիկին Նաջարյանների և ընտանիքի բարեկամների ազգանվեր ջանքերով հավաքագրվեց 5.500 ԱՄՆ դոլար, որը հնարավորություն ընձեռեց թե նյութական, և թե առողջական դժվար դրության մեջ գտնվող Հալեպում բնակվող Թովմասյան և Չեպելյան ընտանիքների՝ թվով 14 անհատների համար ձեռք բերել ինքնաթիռի մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան ։

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը անչափ բարձր է գնահատում տեր և տիկին Նաջարյանների այս անձնանվեր նախաձեռնությունը և իր խորին երախտագիտությունն է հայտնում, որ այս քայլով նրանք ոչ միայն նպաստեցին սիրիահայ ընտանիքների հայրենադարձմանը և Մայր Հայրենիքում անվտանգ կենցաղ վարելուն, այլև, ևս մեկ անգամ հաստատեցին այն հավատը, որ հայորդիների հզորությունը միասնության մեջ է։

Մենք հավատում ենք, որ բռունցքվելով և միասնաբար զորավիգ կանգնելով դժվարին դրության մեջ գտնվող Մայր գաղութի զավակներին՝ ճակատագրի ղեկը կուղղենք դեպի լուսավոր և բարօրությամբ լեցուն ապագա: