IDeA հիմնադրամի և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համագործակցությունը՝ ի նպաստ սիրիահայերի

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի միջև ս/թ․ հոկտեմբերի 14-ին ստորագրվեց համագործակցության համաձայնագիր՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության։

IDeA հիմնադրամն աջակցելու է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերի համար դեպի Հայաստան մեկ ուղղությամբ ավիատոմս ձեռք բերելու հարցում:

«Այս կարևորագույն պահին, երբ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը շարունակաբար ստանում է դիմումագրեր մեր հայրենակիցներից տեղափոխվելու Հայաստան՝ որպես ապահով երկիր, IDeA հիմնադրամի աջակցությունն դառնում նրանց փրկության առհավատչյան։ Մենք հպարտ ենք, որ IDeA հիմնադրամի նման կառույցն ուշադրության արժանացնելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությունը՝ ցանկություն է հայտնել փոխգործակցելով՝ կենսական նշանակություն ունեցող աջակցություն ցուցաբերել պատերազմական Սիրիայում գտնվող հայերին։ Այս քայլը խոսում է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի վստահելի կառույց և հուսալի գործընկեր լինելու մասին», – ասվում է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանի խոսքում։

IDeA հիմնադրամը սիրահայերին աջակցելուն ուղղված նախաձեռնության մասին հայտարարությունում մասնավորապես նշում է՝

«IDeA հիմնադրամը միանում է պետական, հանրային եւ միջազգայինմակարդակներում ձեռնարկված ջանքերին՝ այս փուլում հատկացնելով $250.000: Այն կբաշխվի հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում սիրիահայերին ուղղված նախագծեր իրականացնող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (Mission Armenia), «Հալէպ» բարեգործական հասարակական կազմակերպության, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) միջեւ: Նվիրատվությունը կուղղվի ծրագրերի մշակմանը եւ իրագործմանը՝ հետեւյալ ուղղություններով.

  • աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ),

  • աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս («Առաքելություն Հայաստան» ՀԿ),

  • աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ» ՀԿ),

  • աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Վերադարձ Հայաստան» հիմնադրամ):

Միջոցները բաշխվելու են՝ ըստ յուրաքանչյուր ծրագրի ծավալի եւ յուրահատկության:

Յուրաքանչյուր մարդ  եւ կազմակերպություն կարող է միանալ այս նախաձեռնությանը՝ աջակցելով վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ կամ IDeA հիմնադրամի միջոցով: Գործընկեր կազմակերպությունների եւ IDeA հիմնադրամի հաշվեհամարները հասանելի են այս հղումով:

Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ, «Առաքելություն Հայաստան», «Հալէպ» եւ «Վերադարձ Հայաստան»  կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով, կարող են իրենց առաջարկներն ուղղել sai@idea.am էլ. փոստին կամ զանգահարել +374 (0) 60 700801 հեռախոսահամարով:

Մենք գիտակցում ենք Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման կարեւորությունը: Մենք լիահույս ենք, որ մեզ համար ցանկալի այս համախմբումը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը եւ նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»:

Հիշեցնենք՝ 2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացնում է «Փրկէ կեանք մը» ծրագիրը, որի նպատակն է աջակցել դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերել մեկ-ուղղությամբ տոմս Լիբանանից դեպի Հայաստան։ Ծրագրի շրջանակում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը ստացել է ավելի քան 600 դիմումագրեր և անհատ բարերարների ու Հյուսթոն քաղաքի Սբ․ Գևորգ հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ կարողացել է օգնել 250 սիրիահայերի՝ տեղափոխվել Հայաստան։

Իսկ ս/թ. հոկտեմբերի 8-ին Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հանդես եկավ  հայտարարությամբ սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով․ «Հետեւելով Սիրիայում` մասնավորապես Հալեպում, շարունակվող բռնությանը` մենք պարտավորություն ենք զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների եւ անհատների հետ: Պետք է գործել հենց հիմա: Ցավում ենք եւ մտահոգված ենք ռազմական գոտում գտնվող մարդկանց համար:Նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիների ընթացքում մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտավոր ենք օգնել նրանց»։