«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում ներկայացվեց Մարաշի ասեղնագործության հարթակարը

2015 թվականի հոկտեմբերի 20-ին, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նոր կենտրոնում «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ երկրորդ աշխատանքային հանդիպումը «Ավանդական ասեղնագործություն՝ հնագույն ժամանակներից դեպի արդիականություն» թեմայի շուրջ։

Հանդիպման բանախոսն էր Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան արվեստի ակադեմիայի ղեկավար, նկարիչ` Հրազդան Թոքմաջյանը։ Վերջինս ներկայացրեց Մարաշի ասեղնագործության հարթակարի առանձնահատկությունները, ցեղասպանությունից հետո հարթակարի տարածումը, նախշազարդի ձևաբանական առանձնահատկությունը՝ զուգահեռներ տանելով ասեղնագործության և կիրառական արվեստի այլ ճյուղերի միջև:

Հանդիպման մասնակիցներն նաև հնարավորություն ունեցան շոշափելու, ձեռք տալու, ավելի մոտիկից ծանոթանալու հնագույն ժամանակներից մնացած Մարաշի ասեղնագործության նմուշներին։

Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) ներկայացուցիչ Կարինե Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) ֆինանսավորմամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ բարելավել սիրիահայ մասնագետների և ծրագրի անմիջական շահառուների բարեկեցությունը, ինչպես նաև նպաստել հայկական ավանդական ասեղնագործության տարածմանը։

Ծրագրի շրջանակում նաև ս/թ․ հոկտեմբերի 26-ին և 30-ին, ժամը 16։00-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նորաբաց կենտրոնում (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վարդանանց փակուղի 8, տարածք 3) տեղի կունենան «Ավանդական ասեղնագործություն՝ հնագույն ժամանակներից դեպի արդիականություն» աշխատանքային սեմինար հանդիպումներ։