«ReRooted» ծրագիրը կյանքի է կոչվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ից

2018 թվականի հուլիսի 26-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ից մեկնարկեց «ReRooted» ծրագիրը, որը նախաձեռնվել է երկու սփյուռքահայ երիտասարդների՝ Անուշ Բաղդասարյանի և Անի Շուգի կողմից և իրականացվել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և այլ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ։

«ReRooted» ծրագիրը յուրատիպ նախաձեռնություն է, որը սիրիական հակամարտութան հետևանքով տարագիր դարձած սիրիահայ համայնքի վկայությունների միջոցով պատմում է երբեմնի ամենամեծ հայկական գաղթօջախի պատմությունը։ Ծրագիրն անցնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիների անցած արահետներով, հասնում Սիրիա, որտեղ արմատավորվել է Մայր գաղութը, մտնում հայկական օջախներ, ծանոթացնում սիրիահայ համայնքի վարք ու բարքին, այնուհետև տանում մեզ սիրիական հակամարտություն, տալիս մեզ հնարավորություն զգալու պատերազմի հետևանքները, պատմում հարյուր տարի անց կրկին տարագրության ճանապարհը բռնած անձանց պատմությունները, բերում Հայաստան և գալիս վկայելու, որ աշխարհում եղած արհավիրքների տված ցավից բացի մեզ մնում են հուշեր, որոնք, դառնալով խոսուն վկայություններ, հետագայում ունակ են բարձրաձայնել անհերքելի իրողություններ, ամրագրվել պատմության էջերում որպես մարդկային տոկունության վառ օրինակներ, ծառայել աղբյուր՝ դիմագրավելու համամարդկային իրավունքների խախտմանը և պահանջել արդար լուծում նրանց համար, ովքեր համարձակվեցին կիսել իրենց պատմությունները հանրության հետ։

Ծրագրի մեկնարկին հանրությանը ներկայացվեց Rerooted.org կայքը, որն իր մեջ ամփոփում է ամիսների շարունակ հավաքագրված ավելի քան 80 մարդկային պատմություններ։

Իր ողջույնի խոսքով հանդես եկավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը, ով ներկաներին ներկայացրեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ծրագրին միանալու նպատակը, կարևորեց ծրագրի համահեղինակների այն տևական և նպաստամատույց աշխատանքները, որոնք տարվել էին և ևս մեկ անգամ հաստատեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հանձնառությունը՝ հնարավորության սահմաններում աջակցել տարագիր անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց կենսական կարիքների ապահովմանը։

Rerooted ծրագիրը ներկայացվեց ծրագրի համահեղինակ Անուշ Բաղդասարյանի կողմից, ով հղացել էր ծրագրի գաղափարը։ Ունենալով անհագ ծարավ կանգնելու համամարդկային իրավունքների կողքին՝ Անուշը չէր կարողացել անտարբեր անցնել սիրիական հակամարտության հետևանքով դժվարությունների մեջ գտնվող հայրենակիցների կողքով։ Լինելով եղեռնից մազապուրծ եղած անձի ժառանգ՝ նա հայրենակիցների ցավի մեջ զգացել էր հարյուր տարի առաջ տեղի ունեցած տարագրության ցավը և միտք էր հղացել՝ բարձրաձայնելու այն իրողությունները, որոնք, միգուցե, աշխարհում տեղի ունեցող այլ իրավիճակների համադրությամբ մնում են անպատմելի և անդատապարտելի։

Անի Շուկը, ով հանդիսանում է Rerooted ծրագրի համահեղինակը, իր հերթին հանրությանը ներկայացրեց Rerooted.org կայքը, որի գործարկումը տեղի ունեցավ հենց միջոցառման ժամանակ և հանրությունը տեղում ծանոթացավ «Rerooted» ծրագրին մասնակից դարձած ականատեսների պատմություններին։

«Rerooted» ծրագիրը պատմելով տեղահանված սիրիահայ համայնքի պատմությունը և վեր հանելով Հայաստանում համայնքի կողմից առերեսվող խնդիրները ՝ ցանկություն ունի նաև նպաստելու մարդասիրական օգնության տրամադրմանը և կենսական կարիքների ապահովմանը։

Ծրագրի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղումներով.

վեբ կայք: www.Rerooted.org

էլ. հասցե: rerooted.archive@gmail.com

Rerooted.archive

Facebook.com/Rerooted.Archive 

@RerootedArchive