«Save A Life». Հալեպից Հայաստան տեղափոխվեց 4 անձից բաղկացած Առաքելյան ընտանիքը

2015թ-ի օգոստոսի 4-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Save A Life» նախաձեռնության շրջանակում Հալեպից Հայաստան տեղափոխվեց չորս անձից բաղկացած Առաքելյան ընտանիքը: Նրանց Զվարթնոց օդանավակայանում ջերմորեն դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները։

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին անվտանգության տեսանկյունից Հալեպում ստեղծված ծանր դրության պատճառով՝ Երևանում հաստատված մի շարք հալեպահայեր  դիմեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին` խնդրելով օգնության ձեռք մեկնել Հալեպում գտնվող իրենց կարիքավոր և անելանելի խնդիրների առջև հայտնված հարազատներին՝ ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։

Ելնելով վերոհիշյալից՝ կազմակերպության գործադիր մարմինը որոշում կայացրեց կոչ անել Հայաստանում և Սփյուռքում գտնվող բոլոր բարերարներին՝ ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով մեզ դիմած հայրենակիցներին տեղափոխելու Հայաստան՝ որպես ապահով երկիր։